ԿԳՄՍՆ-ն «Հայոց պատմության» դասագրքի շուրջ դիտարկումներն ու հեղինակի արձագանքը կուղարկի անկախ կարծիքի

ԿԳՄՍՆ-ն «Հայոց պատմության» դասագրքի շուրջ դիտարկումներն ու հեղինակի արձագանքը կուղարկի անկախ կարծիքի

PanARMENIAN.Net - ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի վերաբերյալ հնչած կարծիքները, դասագրքի հեղինակի կողմից այդ կարծիքների վերաբերյալ արձագանքը կփաստաթղթավորվեն ու կուղարկվեն երրորդ՝ անկախ կարծիքի։ Այդ մասին տարեվերջյան ասուլիսում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, հայտնում է Արմենպրեսը։

Նախարարն ընդգծել է, որ «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի հարցով հանդիպում է ունեցել այն մասնագետների հետ, որոնք թեմայի վերաբերյալ ասելիք են ունեցել:

«Ունենալու ենք մի աղյուսակ, որտեղ լինելու են դասագրքի վերաբերյալ հնչած բոլոր դիտարկումները, այդ դիտարկումներին դասագրքի հեղինակի արձագանքը: Ունենք պայմանավորվածություն, որ այդ ամփոփաթերթը հասանելի կդառնա բոլորին, որպեսզի բոլորը տեսնեն, թե հեղինակն ինչպես է արձագանքել առկա դիտարկումներին: Նախարարությունն այդ ամբողջական փաստաթուղթը կուղարկի երրորդ՝ անկախ կարծիքի, որպեսզի ունենա մասնագիտական վերջնական եզրակացություն արվելիք փոփոխությունների և դրանց նպատակահարմարության մասին»,- մանրամասնել է Անդրեասյանը:

Անդրադառնալով ռուսերեն դասագրքերին՝ նա նշել է, որ ՀՀ հանրակրթական դպրոցներին տրամադրվելիք ռուսերեն դասագրքերի փորձաքննությունն ավարտվել է, գրքերը բաշխվել են դպրոցներին։

Նախարարը մանրամասնել է, որ դպրոց մտնող բոլոր դասագրքերի հեղինակների հետ անընդհատ կապի մեջ լինելու աշխատանքային պայմանավորվածություն ունեն։

Նրա խոսքով՝ ցանկացած դասագրքի հետ կապված բարձրաձայնվող խնդիրները հավաքագրվում են, ներկայացվելու է անհրաժեշտ լրամշակումների ծավալ, որոնք արդեն երկրորդ կիսամյակից պետք է արված լինեն:

«Բոլոր դասագրքերի մասով աշխատանքներ արվում են, և շուտով լրամշակումներ կլինեն»,- եզրափակել է նախարարը:

«Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի վերաբերյալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հանձնախումբը նամակ է հղել ԿԳՄՍ նախարարին, որտեղ նշվում է, որ տեղ են գտել կանխատեսված վատագույն լուծումները և որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պաշտոնապես կտրականորեն դեմ է արտահայտվել սահմանված չափորոշիչներով դասագրքերի պատրաստությանը։ Մայր Աթոռը հորդորում է դադարեցնել դասագրքի կիրառությունը և սկսել նորի պատրաստման աշխատանքները։

 Ուշագրավ
Ազատման պատճառներից են քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
---