Անդրեասյան․ Ակադեմքաղաքը կառուցվելու է Երևանի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի հատման մասում

Անդրեասյան․ Ակադեմքաղաքը կառուցվելու է Երևանի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի հատման մասում

PanARMENIAN.Net - ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տարեվերջյան ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ակադեմիական քաղաքի հայեցակարգը հաստատվել է՝ պայմանագրերը կնքված են, հիմա մշակվում է Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը, որը պատրաստ կլինի 2024-ի սկզբին, հայտնում է «Հայկական ժամանակը»։

Անդրադառնալով կառուցման վայրին՝ նա ասել է, որ թյուրըմբռնում կա, որովհետև Ակադեմիական քաղաքը կառուցվելու է ոչ թե Երևանում, այլ 4 համայնքների և մարզերի սահմանագծին՝ Երևանի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի հատման մասում, որը շատ մոտ է «Հյուսիս-Հարավ» մայրուղուն։

«Երբ խոսվել է տեղադրության մասին, նշվել է դրան ամենամոտ հատվածը, նշվել է Երևանի 17-րդ թաղամասին կից տարածքը: Բայց դա չի նշանակում, որ դա ամբողջությամբ Երևան է:

Այն տարածքը, որը մեզ հասանելի էր Աշտարակում բավականին փոքր է, անգամներով փոքր է, ու երբ պարզ դարձավ, թե քանի բուհ պիտի տեղակայենք այնտեղ, որ պետք է լինի բավականին մեծ ենթակառուցվածք, ազգային ստադիոն, սպորտային ենթակառուցվածքներ, ժամանակակից համերգասրահ, բազմաթիվ այլ բաներ։ Երբ, որ ուսումնասիրում էինք հասանելի տարածքները, պարզ դարձավ, որ անմիջապես 17-րդ թաղամասին հարակից հատվածում ունենք ավելի քան 630 հա տարածք, որը հիմնականում պետական և համայնքային սեփականություն է։ Այսինքն որևէ մասնավոր շահի տիրույթ չենք մտնում, որը կարող էր ավելի պրոբլեմատիկ դարձնել գործողությունը»,–ասել է նախարարը։

Ակադեմիական քաղաքը նախատեսվում է կառուցել մինչև 2030 թվականը։ Ծրագիրը հաստատվել է կառավարության մարտի 16-ի նիստում։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ կրթական զարգացման ծրագրի իրականացման արդյունքում ՀՀ 4 բուհ կներառվի միջազգային վարկանիշավորման համակարգերի 500–յակում։

 Ուշագրավ
Ազատման պատճառներից են քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
---