29 դեկտեմբերի 2023 - 14:45 AMT
Որքան գումար է վերադարձվել պետությանը 2 տարում. Գլխավոր դատախազությունը պարզաբանել է

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի պատասխանն այն հարցմանը, թե որքան գումար է վերադարձվել պետությանը 2021-2023թթ․ ընթացքում։

Նշվում է, որ 2021թ. դատարաններում քննված և ավարտված 366 քրեական գործով պետությանը և համայնքներին պատճառվել է 699,947,114 ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է ընդամենը 96,630,949 դրամը, այդ թվում՝ պետությանը պատճառվել է 648,257.511 ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 72,989,160 դրամը, համայնքներին՝ 51,689,603 դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 23,641,789 դրամը: Նյութերի նախապատրաստման և նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված 565,762,604 դրամի չափով գույքային վնաս:

«ՀՀ նախաքննական մարմինների վարույթում 2021 թվականի ընթացքում քննված ընթացիկ քրեական գործերով վերականգնվել է պետությանը պատճառված 10,335,045,439 դրամի վնաս: 2022 թվականի ընթացքում դատարանում քննված և ավարտված 264 քրեական գործով պետությանը և համայնքներին պատճառվել է 922,821,912 տՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 332,413,444 դրամը, այդ թվում՝ պետությանը պատճառվել է 894,580,386 դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 314,383,544 դրամը, համայնքներին՝ 28,241,526 դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 18,029,900 դրամը: Նյութերի նախապատրաստման և նախաքննության ընթացքում պետությանը և համայնքներին պատճառվել է 6,408,476,154 դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 3,099,926,011 դրամը, այդ թվում՝ պետությանը պատճառվել է 5,530,390,754 դրամի վնաս, որից վերականգնվել է 2,289,987,204 դրամը, համայնքներին պատճառվել է 878,085,400 դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 809,938,807 դրամը: ՀՀ նախաքննական մարմինների վարույթում 2022 թվականի ընթացքում քննված ընթացիկ քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը պատճառված 29,471,143,103 դրամի վնաս:

2023 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում ընթացիկ քրեական վարույթներով նախաքննության ընթացքում վերականգնվել է 30,653,431,177 դրամ, որից 30,540,393,532 դրամը հանդիսացել է պետությանը պատճառված վնաս, 113,037,645 դրամը՝ համայնքներին, այդ թվում՝ համայնքին է նվիրաբերվել 3,970,000 դրամ արժողությամբ հողատարածք, իսկ 3,667,000 դրամ արժողությամբ մշակութային արժեքները տրվել են պատասխանատու պահպանության՝ ՀՀ պատմության թանգարանին:

Բացի այդ, ՀՀ վարչական դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 6-ին ուժի մեջ մտած վճռով բավարարվել է ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ներկայացված հայցը, որով Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել Երևան քաղաքի Աբովյան 3 հասցեում գտնվող «ԱՕԿՍ»-ի շենքը՝ 701,4 քմ մակերեսով և 467 քմ մակերեսով հողամասի սեփականության իրավունքը: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակներում 2020-2023 թվականների ընթացքում դատարան է ներկայացվել 94 հայցադիմում, որոնցով պահանջվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ապօրինի ծագում ունեցող մոտ 1000 անշարժ և 200 շարժական գույք, 270 իրավաբանական անձում մասնակցություն: Ընդհանուր հայցագինը գերազանցում է 510 միլիարդ դրամը: ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը մինչ օրս կնքել է հաշտության 4 համաձայնություն, որոնցով պետությանը փոխանցվել է 6 անշարժ և 1 շարժական գույք՝ ընդհանուր մոտ 2 միլիարդ 100 միլիոն դրամ արժեքով, ինչպես նաև մոտ 79 միլիոն դրամ»,- նշված է Դատախազության պատասխանում։