29 դեկտեմբերի 2023 - 15:47 AMT
Մայր Աթոռը և Արամ Ա–ն դատապարտել են Երուսաղեմի հայ համայնքի նկատմամբ բռնությունները

Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը դատապարտել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության և հայ համայնքի նկատմամբ իրականացված բռնությունները և հույս է հայտնել, որ Իսրայելի իշխանությունները իրավաչափորեն կարձագանքեն Պատրիարքության և հայ համայնքի նկատմամբ դրսևորված հանցավոր գործողություններին:

«Խոր մտահոգությամբ տեղեկացանք Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանին պատկանող «Կովերի պարտեզ» կալվածքի շուրջ շարունակվող սադրիչ գործողությունների մասին։

Դեկտեմբերի 28-ին երեք տասնյակից ավելի զինված անձինք ներխուժել են «Կովերի պարտեզ»-ի տարածք, իրականացրել բռնի գործողություններ, որի հետևանքով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել Պատրիարքության եկեղեցականներ և տեղի հայ համայնքի անդամներ։

Ակնհայտ է, որ սադրիչները հերթական անգամ փորձում են ահաբեկության, սպառնալիքների ու բռնի գործողությունների միջոցով հասնել «Կովերի պարտեզ» կալվածքի յուրացմանը՝ ոտնահարելով օրենքով սահմանված ընթացակարգերը։ Խստորեն դատապարտելով կատարվածը՝ հույս ենք հայտնում, որ Իսրայելի իշխանությունները իրավաչափորեն կարձագանքեն Պատրիարքության և հայ համայնքի նկատմամբ դրսևորված հանցավոր գործողություններին, պատասխանատվության կենթարկվեն մեղավորները և կբացառվի նմանօրինակ դեպքերի կրկնությունը։

Մեր զորակցությունն ենք հայտնում Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց զինվորյալ միաբանությանը և հայ համայնքին՝ հայցելով Տիրոջ օգնականությունը»,- ասված է Մայր Աթոռի հայտարարության մեջ:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն ևս դատապարտել է Երուսաղեմում հայկական թաղամասի վրա հարձակումը և իր զորակցությունն է հայտնել Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանն ու հայ համայնքին։

Դեկտեմբերի 28-ին ավելի քան 30 դիմակավորված զինված անձինք ներխուժել են Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզի» տարածք և դաժան հարձակում գործել եպիսկոպոսների, քահանաների, սարկավագների և հայ համայնքի այլ ներկայացուցիչների վրա: Ծանր վիրավորում են ստացել քահանաներ, Հայկական աստվածաբանական ակադեմիայի ուսանողներ և տեղի հայեր: