5 մայիսի 2009 - 13:40 AMT
Տիգրան Քոթանջյանը Դուբայի 11-րդ բաց առաջնության հաղթողն է
Հայ գրոսմայստերներ Տիգրան Քոթանջյանն ու Աշոտ Անաստասյանը փայլուն ելույթ ունեցան Դուբայի շախմատի 11-րդ «Dubai Open» բաց առաջնությունում, որտեղ խաղարկվում էր շեյխ Ռաշիդ Բին Համդան Ալ Մահդումի գավաթը: Քոթանջյանը, Անաստասյանն ու Դմիտրի Բոչարովը հավաքեցին 7 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով առաջին տեղը նվաճեց Տիգրան Քոթանջյանը: Աշոտ Անաստասյանը երրորդն է:

Վերջին փուլում Քոթանջյանը ոչ ոքի խաղաց ռուս գրոսմայստեր Պավել Մալետինի հետ, իսկ Անաստասյանը սպիտակներով հաղթեց հնդիկ գրոսմայստեր Արուն Փրասադին:

Վերջին փուլում հաղթանակներ տարան նաեւ Հրանտ Մելքումյանն ու Վարդան Խոջայանը, որոնք առավելության հասան հնդիկ Սրինատ Նարայանի ու իրանցի Սամեր Մեհդիի հանդեպ: Իսկ Սուրեն Պողոսյանն ու Աղասի Ինանցը խաղաղ դաշն կնքեցին իրենց մրցակիցների հետ:

Վերջնական դասավորությունը`

1. Տիգրան Քոթանջյան-7 միավոր
3.Աշոտ Անաստասյան-7 միավոր
17.Հրանտ Մելքումյան-6 միավոր
28.Սուրեն Պողոսյան-5,5 միավոր
71. Վարդան Խոջայան-4,5 միավոր
73.Աղասի Ինանց-4,5 միավոր

Մրցաշարի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 45 000 դոլար է, որոնցից 6 000-ը 1-ին տեղի համար է, 5 000-ը 2-րդ տեղի, եւ 4 000-ը` 3-րդ տեղի համար:

Մրցաշարն անցնում է շվեյցարական համակարգով` 9 փուլով: Ժամանակի հսկողությունը` 1 ժամ 30 րոպե է մինչ պարտիայի ավարտը` 30 վայրկյան հավելումով ամեն քայլի համար: