4 հունվարի 2024 - 12:55 AMT
Գիտկոչման համար հավելավճարի տրամադրման կարգը կփոխվի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հիշեցրել է, որ հունվարի 1–ից, արդեն երրորդ անգամ, բարձրացել է գիտաշխատողների աշխատավարձը։ Նա նշել է, որ գործընթացը կշարունակվի՝ վերջին բարձրացումը նախատեսվում է 2025–ի հունվարի 1–ին և արդյունքում որոշ դեպքերում գիտության ոլորտում կգրանցվի մինչև 300 տոկոսով աշխատավարձի բարձրացում։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ գիտաշխատողների գիտկոչման համար հավելավճարի տրամադրման կարգը կփոխվի, իսկ հավելավճարի գումարը կմնա նույնը՝ գիտության թեկնածուները կստանան ամսական 25,000 դրամ հավելավճար, իսկ դոկտորները՝ 50,000 դրամ։

Նա հայտնել է, որ կարգի փոփոխության հաստատումից հետո գիտական կոչման համար հավելավճարներ կստանան այն գիտաշխատողները, որոնք ունեն գիտական աստիճան, ներգրավված են պետական ֆինանսավորմամբ բազային ծրագրերում և աշխատում են ամբողջական ծանրաբեռնվածությամբ։ Ըստ նախարարի, դա կծառայի որպես նորմալ ծանրաբեռնվածությամբ աշխատելու հավելյալ խթան, որպեսզի գիտական գործունեթյունը դիտարկվի որպես հիմնական պրոֆեսիոնալ զբաղմունք։

Անդրեասյանը նշել է, որ այս պահի դրությամբ պետական ֆինանսավորմամբ բազային ծրագրերում ներգրավված 2162 անձանցից 778 այս պայմանների բավարարման խնդիր կունենան և կարգի փոփոխումը կնպաստի, որ նրանք նույնպես անցնեն լիարժեք ծանրաբեռնվածության։

Անդրադառնալով հարցին՝ Փաշինյանն ասել է․ «Մեր հարգարժան դոկտորները և գիտությունների թեկնածուները պետք է ավելի շատ գիտական գործունեությամբ զբաղվեն այն տեղերում, որտեղ աշխատավարձը բարձրացրել են և դեռ բարձրանալու են, որպեսզի ստանան նաև իրենց գիտական աստիճանի հավելավճարերը: Ինչո՞ւ ենք պայման դնում, որ եթե դու դոկտոր ես, միշտ չէ, որ դոկտորի համար գիտական աստիճան են ունենում: Ոովհետև ունենք գիտական աշխատողներ, որոնց գիտական աստիճան ստանալու պատմությունը շատ է հիշեցնում «Հաջողության ջենտլմենները» ֆիլմից մի դրվագ, երբ ասում է․ «Ես էլ մի ընկեր ունեմ եռամյա կրթությամբ՝ նա էլ է դոցենտ, 10 ռուբլին կես ժամվա ընթացքում այնպես կնկարի, որ բոլորդ կզարմանաք»,- ասել է Փաշինյանը: