4 հունվարի 2024 - 13:56 AMT
ՊԵԿ. TikTok-ում և Instagram–ում գումարով գովազդողների նկատմամբ վարչարարություն կկիրառվի

TikTok, Instagram և այլ սոցցանցերում գումարով գովազդներ անող բլոգերների նկատմամբ կարող է վարչարարություն կիրառվել, եթե նրանք հարկային դաշտից դուրս լինեն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

Բազմաթիվ բլոգերներ իրենց սոցիալական էջերում առաջարկներ են անում, որ «սթորի» բաժնում կամ հրապարակման տեսքով կարող են որևէ անհատի կամ կազմակերպության գովազդել։ Գնային սեգմենտը տարբեր է` սկսվում է մոտ 200,000 դրամից և հասնում է 1,000,000 և ավելի դրամի, գրում է Sputnik Արմենիան։

«Սոցհարթակներում գովազդ անողները չեն կարող ազատ լինել, ցանկացած եկամուտ ենթակա է հարկման։ Նախորդ տարի բազմաթիվ դեպքեր ենք ունեցել էլեկտրոնային հարթակներից, որտեղ իրենց էջերում գովազդներ են տեղադրել և չեն հարկվել, նաև դեպքեր են եղել, որ առցանց իրեր են վաճառում, բայց հարկային դաշտից դուրս են։ Այս մասով ևս բացահայտումներ ունենք»,– նշել է Բադասյանը։

Նա ընդգծել է` ստուգումներ են արվում, ու եթե այդ անձինք գրանցված չեն որպես բիզնես կամ որպես ֆիզիկական անձ եկամուտները չեն հայտարարագրվել, ապա անպայման վարչարարություն կկիրառվի։

Ինչ վերաբերում է շոուբիզնեսի ներկայացուցիչների հարկ վճարելուն, ՊԵԿ նախագահը շեշտել է` նրանք սկսել են ավելի պարտաճանաչ հայտարարգրել ու վճարել իրենց հարկերը։ Այդուհանդերձ, դեպքեր են լինում նաև, երբ գումարները ստվերում են մնում, սակայն ՊԵԿ–ը դրանով զբաղվում է։