Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները սկսվում են

Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները սկսվում են

PanARMENIAN.Net - Հունվարի 9-ին նշվում է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը: Օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկում են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները։

Կինոյի տանը 12:00-ին կկայանա Փարաջանովի արձանի և Դավիթ Գալստյանի «Ջոկոնդա. կերպափոխումներ» ցուցահանդեսի բացումը, ինչպես նաև Կինոյի տան Փոքր դահլիճում օրվա ընթացքում կցուցադրվեն վարպետի ֆիլմերը:

Նույն օրը՝ 18:00-ին, Փարաջանովի թանգարանում կկայանա համերգ փարաջանովյան մոտիվներով՝ «Գուրջիև» և «Բարեկամություն» անսամբլների մենակատարների մասնակցությամբ:

Միջոցառումների մուտքն ազատ է:

Փարաջանովի հոբելյանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նշանավոր անձանց հոբելյանների ցանկում:

Հոբելյանական միջոցառումների անցկացման համար ստեղծվել է Կառավարական հոբելյանական հանձնաժողով:

1991-ից Երևանում գործում է Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը, որտեղ հավաքված են ռեժիսորի գծանկարները, կոլաժները, մանրանկարներն ու Թբիլիսիի բնակարանից բերված իրերը: 2005-ից «Ոսկե ծիրան» կինոփառատոնը սահմանել է Փարաջանովի անվան՝ «Փարաջանովյան թալեր» մրցանակը: Իր առաջին լիամետրաժ «Անդրիեշ» ֆիլմը ռեժիսորը նկարահանել է 1955-ին, ապա՝ «Առաջին տղան», «Ուկրաինական ռապսոդիան», «Ծաղիկը քարի վրան»: Համաշխարհային ճանաչման Փարաջանովն արժանացավ 1964-ին նկարահանած «Մոռացված նախնիների ստվերները» կինոնկարով, որը դասվել է աշխարհի լավագույն ֆիլմերի շարքն ու 28 պարգև ստացել: Ֆիլմն ուկրաինացիների էթնիկական խմբի՝ գուցուլների մասին է. այստեղ ներկայացված են ոչ միայն ժողովրդական ծեսերը, հավատալիքները, տոնախմբությունների գունագեղ ու խորհրդավոր աշխարհը, այլև բացահայտված է մարդու ներաշխարհը:

1966-ին սկսել է աշխատել «Կիևյան որմնանկարներ» կինոնկարի վրա, բայց այն արգելեցին, այդտեղից մի քանի կադր է պահպանվել: Նրա արվեստի ինքնատիպությունը հաստատվել է 1969-ին սեփական սցենարով ստեղծած «Նռան գույնը» ֆիլմով: Փարաջանովի ստեղծագործական գործունեությունն ընդհատվել է 1973-ի դեկտեմբերի 17-ին, երբ՝ մեղադրելով արվամոլության մեջ, նրան դատապարտեցին 5 տարի ազատազրկման: 4 տարի անց ֆրանսիացի հայտնի սյուրռեալիստ Լուի Արագոնի միջամտությամբ նրան ազատ արձակեցին, բայց1982-ին Փարաջանովը կրկին ձերբակալվեց ու 11 ամիս պահվեց Օրթաճալայի բանտում: Բայց անգամ այնտեղ ռեժիսորը շարունակում էր ստեղծագործել՝ ինքնագործ թատրոն, կոլաժներ, տիկնիկներ և գծանկարներ:

Փարաջանովի վերջին՝ «Խոստովանանք» ինքնակենսագրական ֆիլմը հիվանդության պատճառով անավարտ մնաց, բայց նյութերն ամբողջությամբ օգտագործվեցին Միքայել Վարդանովի «Փարաջանով. Վերջին գարունը» վավերագրական ֆիլմում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---