11 հունվարի 2024 - 14:55 AMT
Ալիև․ Եթե իրական սպառնալիք գտնենք, այլ ոչ թե «Բաստիոն» անունով պահածոյի տարաները, անմիջապես կոչնչացնենք

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական սպառնալիքներն է հնչեցրել ՀՀ հասցեին՝ ասելով, որ «Հայաստանում սպառնալիքի ցանկացած աղբյուր կոչնչացվի»։

«Թող բոլորը լսեն՝ եթե մենք իրական սպառնալիք հայտնաբերենք մեզ համար, այլ ոչ թե այդ ֆրանսիական հնոտիքը, «Բաստիոն» անունով այդ պահածոյի տարաները, ապա անմիջապես կանխարգելիչ մջոցներ կձեռնարկենք դրանք ոչնչացնելու համար»,– ասել է նա, գրում է Haqqin.az-ը։

Ալիևը խոսել է, թե Արցախի դեմ սեպտեմբերի 19–ի ագրեսիայի ժամանակ ինչ մեծ նշանակություն են ունեցել նոր տեխնիկան, ռազմամթերքն ու ժամանակակից սարքավորումները՝ հավելելով, որ 2024–ին 1 մլրդ մանաթ (588,235,031 դոլար) է ներդրվելու երկրի ռազմական արտադրության մեջ։

«Բանակաշինությունը շարունակվելու է։ Հայաստանը պետք է իմանա, որ որքան էլ զենք գնի, որքան էլ աջակցություն ստանա, մեզ համար սպառնալիքի ցանկացած աղբյուր ոչնչացվելու է»,–ասել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։