11 հունվարի 2024 - 16:15 AMT
Ղուկասյան․ Ես եմ ստեղծել «Հանրային ձայն» կուսակցությունը, ես էլ կթաղեմ

«Հանրային ձայն» կուսակցության խորհրդի անդամ, հիմնադիր և պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը, անդրադառնալով կուսակցությանն իր անդամությունը դադարեցնելուն, ասել է, որ դրա հիմքում եղել է ինքը՝ չի լինի ինքը, չի լինի կուսակցությունը։

«Հանրային ձայն»-ի կառավարման խորհուրդը հաղորդագրություն է տարածել, որով Ղուկասյանի անդամությունը կուսակցությանը դադարեցված է համարել՝ նշելով, որ որոշման հիմքը Վարդան Ղուկասյանի՝ ՌԴ քաղաքացիություն ունենալն է։

«Վարդան Ղուկասյանը նոր չէ, որ ունի ՌԴ քաղաքացիություն, ես երկքաղաքացի եմ, և կուսակցության հիմնադրման հիմքում եղել է Վարդան Ղուկասյանը․ չի՛ լինի Վարդան Ղուկասյանը, չի՛ լինի «Հանրային ձայնը, ես եմ ստեղծել կուսակցությունը, ես էլ կթաղեմ»,-ասել է նա ֆեյսբուքյան եթերում, հայտնում է Factor.am-ը։

«Արտակ Գալստյանն այս պահի դրությամբ գտնվում է քրեակատարողական հիմնարկում, որտեղ արգելված է պահել հեռախոս։ Բայց մենք տեսնում ենք, որ Արտակ Գալստյանը շատ օպերատիվ նյութեր է տեղադրում համացանցում, Վարդան Ղուկասյանին են հեռացնում, եսիմ ինչ են անում։ Արտակ Գալստյանը, որ թղթերը տարել է Պետական ռեգիստր և գրանցել «Հանրային ձայնը», այդ ժամանակ էլ Վարդան Ղուկասյանը եղել է ՌԴ քաղաքացի, նոր իմացա՞ն դրա մասին»,- ասել է Ղուկասյանը։

Նրա պնդմամբ՝ այս ամենի հետևում իշխանությունն է կանգնած, քանի որ ուզում է «պայթեցնել» «Հանրային Ձայն» կուսակցությունը, բայց չեն կարող դադարեցնել իր լիազորությունները՝ կուսակցության կանոնադրությամբ։

«Կուսակցությունն ունի 29 հոգուց բաղկացած կենտրոնական մարմին, 17 հոգի պիտի հավաքվի, որպեսզի որոշում կայացնի դադարեցնել ինչ-որ մեկի լիազորությունները։ Արտակ Գալստյանին հարց տվեք՝ դու 17 հոգի որտե՞ղ ես հավաքել, ո՞ւր են նրանց ստորագրությունները՝ բերդո՞ւմ, ցույց տուր էդ 17 հոգու ստորագրությունը, որ մարդ, ումից իրենք ծնվել են, դադարեցնում են պապայի լիազորությունները, ովքե՞ր են, ցույց տուր էդ թուղթը»,- ասել է Վարդան Ղուկասյանը։

Պատվավոր նախագահի խոսքով՝ կուսակցականների գերակշիռ մասը դիմել է իրեն և խնդրել համագումար անցկացնել, որպեսզի որոշեն՝ Արտակ Գալստյանի՞, թե Վարդան Ղուկասյանի հետ են շարունակելու։

«Ներկայիս իշխանությունը ի՞նչ անի պառլամենտական ընտրություններին ընդառաջ, ո՞նց գմփցնի Վարդան Ղուկասյանին իր պատկերացմամբ, Արտակ Գալստյանին ասում են՝ կուսակցությունը պայթեցրու ոնց կարաս։ Հունվարի 19-ին կերևա, կուսակցականները կորոշեն՝ մնո՞ւմ են Արտակ Գալստյանի հետ, ով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում նստած՝ հեռախոսը ձեռքը, խառնում ու բզբզում ա։ Ի տարբերություն Գալստյանի՝ Ղուկասյանը սպա, մայոր է եղել։ Երբ «Հանրային ձայն» հաղորդաշարը կար, «Հանրային ձայն» կուսակցությունը չկար. պատվավոր նախագահը ես եմ։ Ավագանին պիտի որոշի՝ ում կողմն է անցնում։ Կա՛մ Վարդան Ղուկասյան, կա՛մ Արտակ Գալստյան խնդիրն առաջացրել են Նիկոլ Փաշինյան, Գագիկ Ծառուկյան, որոնք ուզում են ամեն ինչ անել, որ «Հանրային ձայնը» պայթեցնեն»,- հայտնել է Ղուկասյանը։ Նա նշել է, որ այսպես ուզում են կանխել իր մասնակցությունն առաջիկա ընտրություններին, քանի որ իր կուսակցությունն առնվազն 22 տոկոս ձայն կարող էր հավաքել։

Կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը կալանքի տակ է․ ավագանու հերթական ընտրություններում հենց նա էր «Հանրային ձայնի» քաղաքապետի թեկնածուն, սակայն, լինելով կալանավորված, չի ներկայացել ավագանու նիստերին և վայր չի դրել մանդատը։ Ի դեպ, Վարդան Ղուկասյանն էլ իր հերթին հայտարարել է, որ Արտակ Գալստյանն այլև կապ չունի «Հանրային ձայն» կուսակցության հետ։