11 հունվարի 2024 - 16:17 AMT
Ըստ Ալիևի, սահմանազատման հանձնաժողովը հունվարին 1 հարց է քննարկելու՝ սահմանազատումը Ղազախի և Տավուշի հատվածում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հունվարի վերջին տեղի է ունենալու Ադրբեջանի և ՀՀ սահմանազատման հանձնաժողովի նիստը, որտեղ մեկ թեմա է քննարկվելու՝ սահմանազատումը Ադրբեջանի Ղազախի շրջանի և ՀՀ Տավուշի մարզի հատվածում։

Նա հավելել է, թե «հայերի օկուպացիայի տակ գտնվող 8 ադրբեջանական գյուղերի հարցը մշտապես օրակարգում է», գրում է Interfax.az-ը։

«Այդ հարցը քննարկվել է ՀՀ վարչապետի հետ, այդ թվում Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած «ոտքի վրա» հանդիպման ժամանակ»,–ասել է նա։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանը խոսում է 8 գյուղերի մասին, սակայն հայկական կողմն էլ նույնքան գյուղերի հարց ունի, քանի որ Տավուշի շրջանի մի քանի գյուղերին պատկանող տարածքներ օկուպացված են Ադրբեջանի կողմից։