11 հունվարի 2024 - 17:12 AMT
Տուգանքը 15 օրում վճարելու դեպքում վարորդը 30%-ով պակաս կվճարի․ Նախագիծը հավանություն է ստացել

Գործադիրը հավանություն է տվել օրենքների նախագծերի փաթեթին, որով տուգանքը 15 օրում վճարելու դեպքում վարորդը 30 %-ով պակաս կվճարի, իսկ եթե ծանուցումները ստանա roadpolice.am-ով, այն կնվազի ևս 20 %-ով։

Նախատեսվում է խրախուսական նորմ՝ համապատասխան հոդվածներով նախատեսված վարչական տուգանք նշանակելու մասին որոշումը 15-օրյա ժամկետում կատարելու դեպքում տուգանքի 70 տոկոսը վճարելու պարագայում պարտավորությունը համարել կատարված:

Ինչպես նշել է ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, այն դեպքում, երբ քաղաքացին տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների կապակցությամբ http://roadpolice.am կայքով դիմում է վարչական ակտն իր նշված էլեկտրոնային փոստին ուղարկելու պահանջով, և վարչական մարմինը սահմանված կարգով ուղարկում է այն, ապա տուգանքը վճարվում է սահմանված գումարից 20 տոկոսի չափով պակաս:

«Միաժամանակ անցումային դրույթներով նախատեսված է, որ այս պահին արդեն իսկ առկա խախտումներով կայացված, դեռևս չկատարված, ինչպես նա հարկադիր կատարման փուլում գտնվող վարչական ակտերի պարագայում 50 տոկոսը վճարելու կամ արդեն իսկ նույն չափով վճարված լինելու պայմաններում պարտավորությունները համարվում են կատարված, ընդ որում՝ այս դեպքում կա ժամկետային կանոն, այն է՝ օրենքն ուժի մեջ մտնելուց եռամսյա ժամկետը»,- ասել է ՆԳ նախարարը:

Անդրադառնալով օրինագծերին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ պարզաբանել է՝ եթե քաղաքացին http://roadpolice.am կայքում գրանցվում է, ասում է՝ ինձ այս հասցեով ուղարկեք ծանուցումները, 20 տոկոս զեղչ է ստանում:

«Եվ եթե այս պահին կա ժամկետանց վճարման խնդիր, որը Հարկադիր կատարման ծառայությունում է, այդ թվի կեսը վճարում է, զրոյանում է պարտքը»,- ասել է վարչապետը:

Նշվել է նաև, որ դրան գումարվում է նաև կատարողական ծախսը:

Հիմնավորման մեջ ասվում է, որ տուգանքի վճարման պարտավորությունը կամովին կատարելը խթանելու գործիքակազմի նախատեսման դեպքում հնարավոր կլինի ինչպես էականորեն նվազեցնել այս խումբ վարչական իրավախախտումների առնչությամբ առկա սոցիալական լարվածությունը, այնպես էլ կրճատել Ոստիկանության, Վարչական դատարանի և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ծանրաբեռնվածությունը։