11 հունվարի 2024 - 18:43 AMT
Կսահմանվի կենսաբանական մահի հասկացություն՝ դա անհրաժեշտ է փոխպատվաստման դեպքում

Գործադիրը հավանություն է տվել «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Նախագծով կատարվող փոփոխության շրջանակում օրենքում օգտագործվող հասկացություններում ուղեղի մահից բացի, սահմանվում է նաև կենսաբանական մահի հասկացությունը, ինչն անհրաժեշտ է որոշ օրգանների կամ հյուսվածքների փոխպատվաստման դեպքում:

Բացի օրենքով սահմանված կենդանի դոնորից վերցվող փոխպատվաստման ենթակա օրգաններից ցանկից, ՀՀ առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին տրվում է լիազորություն` սահմանելու մարդու ուղեղային կամ կենսաբանական մահվան փաստն արձանագրելուց հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների ցանկը:

Նախագծով վերանայվել են նաև փոխպատվաստման նպատակով համաձայնություն տված կենդանի դոնորի իրավունքները և ամրագրվել է, որ վերջինս իրավունք ունի օրգանը կամ հյուսվածքը վերցնելուց հետո լիազոր մարմնի սահմանած կարգով գտնվել շարունակական (դիսպանսերային) հսկողության մեջ: