11 հունվարի 2024 - 20:09 AMT
Անդրանիկ Քոչարյան. Ալիևի ասածներին պետք է լուրջ վերաբերվել, եթե նույնիսկ ներքին լսարանի համար է ասում

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարծում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ասածներին պետք է լուրջ վերաբերվել։

«Եթե ասում է, ուրեմն պետք է լուրջ վերաբերվել։ Եթե նույնիսկ ասում է իր ներքին լսարանի համար, էլի պետք է լուրջ վերաբերվենք։ Մեր խնդիրը մեր երկրի ամրություններն ամրապնդելն ու ուժեղացելը պետք է լինի»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա՝ անդրադառնալով Ալիևի հայտարարություններին, գրում է Aysor.am-ը։

Նա նշել է, որ այսօր ամենաճիշտը խաղաղությամբ ապրելն է։

«Վերջը կռիվը մի օր պետք է ավարտվի՞»,–ասել է նա։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, որ երաշխավորներ պետք չեն, Հայաստանն ու Ադրբեջանը ուղիղ բանակցեն, պայմանագիրը ստորագրեն՝ ՔՊ-ականն ասել է, որ «շատ գայթակղիչ առաջարկ է», հայտնում է Panorama.am-ը։

«Մենք պետք է կարողանանք խոսել մեկս մյուսի հետ՝ գտնելով այդ խոսելու եզրույթը»,- ասել է. Քոչարյանը։

Քոչարյանը համոզված է, որ Հայաստանի, անվտանգային համակարգի ուժեղացումը կստիպի Ադրբեջանին դուրս հանել իր զորքերը ՀՀ տարածքից։

Ըստ նրա, մեր միասնական ուժը պետք է ստիպի Ադրբեջանին հետ քաշել զորքերը։ Միաժամանակ նա հավելեց, որ «մեր ուժի մեջ» միայն բանակը չէ։

«Մի մոռացեք, որ իրենք 94 թվականից գլուխները կախ մտածում էին այն խնդիրների լուծման շուրջ, որոնք մենք բաց թողեցինք մեր տեսադաշտից։ Հրադադարից հետո իրենք կառուցեցին բանակ, մենք ունեցանք կորուստներ և հիմա ամեն օր պետք է մեր անվտանգային միջավայրն ուժեղացնենք»,- նշել է Քոչարյանը։

Այն հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ մոտ ապագայում և խաղաղ ճանապարհով Ադրբեջանը դուրս կգա Հայաստանի տարածքներից, նա պատասխանել է. «Այո, նախ պետք է փորձել խաղաղ ճանապարհով։ Պարտադիր»։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն մտադիր չէ հայելային սկզբունքով հետ քաշել զորքերը Հայաստանի հետ սահմանից՝ հավելելով, որ ոչ մի քայլ չեն նահանջելու 2021–ի մայիսին և 2022–ի սեպտեմբերին գրաված դիրքերից։

«Մենք ոչ մի տեղ չենք գնա, ոչ մի քայլ չենք նահանջի ոչ 2021–ի մայիսին, ոչ էլ 2022–ի սեպտեմբերին գրաված դիրքերից, քանի որ սահմանը պետք է որոշվի»,–ասել է նա։