12 հունվարի 2024 - 18:39 AMT
Զախարովա․ Խաղաղապահների հասցեին ՀՀ-ից հնչող մեղադրանքներն ապակառուցողական են

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ապակառուցողական է որակել Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների հասցեին ՀՀ քաղաքական գործիչների կողմից հնչող մեղադրանքները։

Նա այդպես է արձագանքել Ղարաբաղի բնակչությանը չպաշտպանելու համար ռուս խաղաղապահների հասցեին հայկական կողմից հնչող մեղադրանքներին։

«Մենք տեսնում ենք այդ հայտարարությունները, մենք դրանք համարում ենք ապակառուցողական և ամենակարևորը՝ իրականությանը չհամապատասխանող»,- ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Ըստ նրա՝ դրանք «փաստերը նենգափոխելու փորձեր են, պատասխանատվությունից խուսափելու համար»։

«Այլ կերպ չեմ կարող դա գնահատել»,–ասել է նա։

Ավելի վաղ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր․ «Մենք մինչ այժմ որևէ բացատրություն չենք ստացել, թե ՌԴ խաղաղապահների ներկայությամբ ինչպես է տեղի ունեցել էթնիկ զտում Լեռնային Ղարաբաղում։ ՌԴ-ն ունեցել է նոյեմբերի 9-ի համաձայնագիր, և այդ համաձայնագրով ՌԴ-ն պարտավորություն ուներ ապահովել ԼՂ-ում ապրող հայերի անվտանգությունը։ Իսկ հիմա ԼՂ-ում այլևս հայ չի մնացել»։