17 հունվարի 2024 - 18:24 AMT
Փաշինյան․ ՀՀ–ն պատրաստ է Ադրբեջանին ճանապարհ տալ նույն պայմաններով, ինչ Իրանն է տալիս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում անդրադառնալով պաշտոնական Բաքվից հնչող հայտարարություններին, ասել է, թե ինչ պայմաններով է ՀՀ-ն պատրաստ ճանապարհ տրամադրել Ադրբեջանին՝ նույն պայմաններով, ինչ Իրանն է տալիս։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանը պետք է ճանապարհ տա Ադրբեջանին դեպի Նախիջևան, առանց որևէ վերահսկողության։

Վարչապետը նշել է, որ հայկական կողմի հարցադրումներին ի պատասխան՝ Ադրբեջանը երկու հակադարձում է անում, հայտնում է Արմենպրեսը։

«Առաջին հակադարձումը հետևյալն է, որ եթե Հայաստանի Հանրապետությունը պատրաստ չի բացել ճանապարհները, ուրեմն Ադրբեջանը կօգտվի Իրանի տարածքով անցումից։ Եվ երկրորդ հակադարձումն այն է, որ ինչո՞ւ պետք է Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջևան անցման ժամանակ, որը 47 կիլոմետր է, տեղի ունենան ինչ-որ ստուգման գործընթացներ։ Մենք այս երկու արձագանքին պատասխանում ենք նույն կերպ՝ ինչ պայմաններով Իրանը տալիս է այդ ճանապարհը Ադրբեջանին, նույն պայմաններով Հայաստանը նույնպես պատրաստ է տալ։ Եվ եթե Հայաստանի տարածքով անցումը Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջևան 47 կիլոմետր է, Իրանի տարածքով էլ 49 կիլոմետր է։ Եթե հսկողական գործառույթները ընդունելի են 49 կիլոմետրի համար, բնականաբար, չեն կարող ընդունելի չլինել 47 կիլոմետրի համար»,- եզրափակել է Փաշինյանը։

Պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, թե տարածաշրջանում ստեղծված անվտանգային նոր իրավիճակում կառավարությունն ի՞նչ լուծումներ է առաջարկում՝ Փաշինյանն ասել է, որ կառավարության բոլոր գործողությունները ուղղված են և շարունակվում են ուղղված լինել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հաստատմանը և պաշտպանությանը։

«Անկախության գոյության ամբողջ ընթացքում ՀՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը չենք ֆիքսել և լղոզել ենք, ինչը ֆունդամենտալ խնդիր է։ Ես էլի եմ ասում՝ հարցին պետք է ճիշտ դիտանկյունից նայել։

Բոլոր գործողությունները ուղղված են և շարունակվում են ուղղված լինել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հաստատմանը և պաշտպանությանը, որովհետև ես կարող եմ նաև ձեզ ասել, որ ընդհանրապես անվտանգային մարտահրավերների մեջ ո՞րն է մեր ռազմավարական ընկալումը։ Մեր ռազմավարական ընկալումն հետևյալն է, որ մեր բոլոր դիրքորոշումները և ձևակերպումները պետք է հենվեն լեգիտիմության վրա։ Այսինքն՝ պետք է լինեն բացառիկ լեգիտիմ։

Ինչ վերաբերվում է պաշտոնական Բաքվից հնչող հայտարարություններին՝ ես դրանց հրապարակային արձագանքել եմ, բայց չեմ զլանա նաև ձեր հարցին ի պատասխան կոնկրետ ասել։ «Խաղաղության խաչմերուկը», ըստ էության, ներառում է ձեր հարցի պատասխանը»,- ասել է Փաշինյանը։

Բաքուն կտրականապես դեմ է, որ Ադրբեջանի և ՀՀ միջև սահմանազատումն իրականացվի 1975 թվականի քարտեզի հիման վրա։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա նաև ասել է, որ եթե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, որևէ այլ հատվածում ՀՀ հետ սահմանը չեն բացի։

Ալիևը հայտարարել է, որ Բաքուն մտադիր չէ հայելային սկզբունքով հետ քաշել զորքերը Հայաստանի հետ սահմանից՝ հավելելով, որ ոչ մի քայլ չեն նահանջելու 2021–ի մայիսին և 2022–ի սեպտեմբերին գրաված դիրքերից։