Ֆրանսիայի Սենատն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձև է ընդունել

Ֆրանսիայի Սենատն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձև է ընդունել

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Սենատը 336 կողմ և մեկ դեմ ձայնով ընդունել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձևը, հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանատունը:

Ֆրանսիայի Սենատի բանաձևը նաև աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և պահանջ է պարունակում հայ բնակչության՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի իրավունքի երաշխիքների վերաբերյալ։

Ի թիվս այլ դրույթների՝ Ֆրանսիայի Սենատի բանաձևը.

-Աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը,

-Դատապարտում է Ադրբեջանի կողից իր դաշնակիցների աջակցությամբ 2023 թ. սեպտեմբերի 19-ին և 20-ին իրականացված ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղում,

-Կոչ է անում Ադրբեջանին երաշխավորելու հայ բնակչության վերադարձի իրավունքը Լեռնային Ղարաբաղ երաշխավորելով այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն նրանց անվտանգությունն ու բարեկեցությունը,-️Կոչ է անում ադրբեջանական զորքերի և նրանց դաշնակիցների անհապաղ և անվերապահ դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքից,

-Նշում է, որ Հայաստանն իրավունք ունի պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը և ունենալու միջոցներ՝ ապահովելու իր անվտանգությունը, այդ թվում՝ ռազմական ճանապարհով,

-Դատապարտում է Լեռնային Ղարաբաղի քաղաքական առաջնորդների կամայական ձերբակալությունները,

-Կոչ է անում հեռացնել Ադրբեջանին Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության միջկառավարական կոմիտեից,

-Կարևորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ում փորձագետների միջազգային խմբի ստեղծումը և գործուղումը Լեռնային Ղարաբաղ՝ մշակութային և կրոնական ժառանգության վիճակի վերաբերյալ տեղեկատվական զեկույց պատրաստելու համար,

-Կարևորում է նաև ամենախիստ միջոցների ձեռնարկումը, այդ թվում՝ Ադրբեջանի ղեկավարների ակտիվների առգրավումը և Ադրբեջանից գազի և նավթի ներմուծման էմբարգոն՝ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական ագրեսիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար:

Բանաձևը համահեղինակել են Սենատի բոլոր քաղաքական խմբակցությունների ղեկավարները` Բրունո Ռըտայոն, Մարիզ Կարրերը, Սեսիլ Սուկիերմանը, Գիյոմ Գոնտարը, Պատրիկ Կաները, Հերվե Մարսելը, Կլոդ Մալյուրեն և Ֆրանսուա Պատրիան, ինչպես նաև Սենատում Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազը:

Նիստը նախագահում էր Սենատի փոխնագահ Սոֆի Պրիմասը։ Նիստին ներկա էր նաև Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նորանշանակ նախարար Ստեֆան Սեժուրնեն։

Բանաձևի ընդունման նիստին պատվո հյուրի կարգավիճակում ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։

Ֆրանսիայի Սենատը հունվարի 17–ին քննարկել է 2023 թվականի դեկտեմբերի 1-ին առաջարկված միջկուսակցական բանաձևը՝ ուղղված «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելուն և Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիայի հետագա փորձերը և տարածքային ամբողջականությունը խախտելը կանխելուն»:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---