5 մայիսի 2009 - 20:29 AMT
Այսօր Երեւանում տեղի կունենա Գրիգորովիչի բեմադրած «Սպարտակի» պրեմիերան
Այսօր Օպերայի եւ բալետի ազգային թատրոնում տեղի կունենա Արամ Խաչատուրյանի «Սպարտակ» բալետի երկար սպասված պրեմիերան: Առաջնախաղին ներկա կլինեն Հայաստանի եւ Ռուսաստանի առաջին տիկիններ Ռիտա Սարգսյանն ու Սվետլանա Մեդվեդեւան, որոնք աշխարհահռչակ կոմպոզիտորի բալետն իր հայրենիքում կրկին բեմադրելու գաղափարի հեղինակներն են:

Մեկ տարի առաջ Հայաստանի մշակույթի նախարարությունը պայմանավորվածություն ձեռք բերեց Մեծ թատրոնի հայտնի պարուսույց Յուրի Գրգորովիչի հետ երեւանյան բեմում «Սպարտակ» բալետի բեմադրության վերաբերյալ: Մեկ տարվա ընթացքում 20 մլն դրամ պետական միջոցների եւ ազգային նախագծին աջակցող բազմաթիվ ընկերությունների աջակցության շնորհիվ, Հայաստանի օպերային թատրոնի բեմում կրկին բեմադրվեց «Սպարտակը»:

«Տարիներ շարունակ աշխատելով մշակույթի ոլորտում, վստահաբար կարող եմ ասել, որ «Սպարտակը» այն եզակի դեպքերից մեկն է, երբ մենք ազգովի ձեռնամուխ եղանք այս նախագծի իրականացմանը»,-հայտարարել է Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացումից առաջ կայացած մամլո ասուլիսում: «Մենք երախտապարտ ենք ոչ միայն նրա համար, որ Դուք 3 ամիս անցկացրեցիք Երեւանում եւ բեմադրեցիք բալետը, այլ նաեւ այն բանի համար, որ դուք տասնամյակներ շարունակ բարձր եք պահում Արամ Խաչատուրյանի անունը»,-շնորհակալություն է հայտնել Հ.Պողոսյանը պարուսույցին:

Իր հետաքրքրությունը «Սպարտակ» բալետի հանդեպ Գրիգորովիչը հիմնավորել է Խաչատուրյանի երաժշտության հանդեպ տածած սիրով: Նրա խոսքերով, մինչ Մոսկվա տեղափոխվելը, Լենինգրադում ապագա պարուսույցն արդեն մասնակցել էր «Սպարտակին»` գլադիատորներից մեկի դերում:

«Այս ներկայացումը ծանր էր ինձ համար: Թատրոնի պարողների քանակը բավարար չէր, ներգրավվեցին նաեւ «Բարեկամություն» համույթի պարողները եւ պարարվեստի ուսումնարանի վերջին դասարանների աշակերտները: Գլխավորը, տղամարդկանց պարտիաների կատարողներ չունեինք, ստիպված էին բանակից կանչել ժամկետային ծառայության մեջ գտնվող պարողներին, որոնց թույլատրվեց մասնակցել փորձերին»,-ասել է Գրիգորովիչը:

Գրիգորովիչի «Սպարտակը» բալետի ամենահաջողված տարբերակն է, որն այսօր կատարվում է Մեծ թատրոնի եւ աշխարհի այլ բեմերում: Արամ Խաչատուրյանի հետ Գրիգորովիչի համագործակցության շոնրհիվ 1968թ. Մոսկվայի Մեծ թատրոնի բեմում ստեղծվեց ստեղծագործության նոր երաժշտկան խմբագրությունը, որը առավել համապատասխան էր նոր սցենարին ու ընդհանուր կոպմոզիցիոն կառուցվածքին:

Անցած երեք ամիսների ընթացքում Յուրի Գրիգորովիչը ինտենսիվ աշխատանք է տարել հայ դերասանների հետ: Բալետմայստերը պատմել է, որ խնդիրներ էին առաջանում փորձերի այցելությունների հետ կապված: Նա հաճախ էր լսում, որ դերասանները ստիպված են աշխատել եւ իրենց ապրուստը պետք է վաստակեն: «Կատարված աշխատանքից հետո թատրոնը վերելք ապրեց, սակայն դժվար կլինի գագաթնակետում մնալ, դրա համար հարկավոր է զարգանալ, ընդլայնել թատրոնի խաղացանկը, ինչպես նաեւ բալերոնների համար տարկետում ապահովել բանակից»,-իր կարծիքն է հայտնել Գրիգորովիչն ու հավելել.«Սա գավառական թատրոն չէ, սա մայրաքաղաքի թատրոն է եւ այն պետք է բարձր մակարդակի վրա պահել: Դերասանները դժվար են ապրում, պետք է բարձրացնել նրանց նյութական ապահովվածության մակարդակը: Չէ որ լավագույն դեպքում ամսեկան 2-3 ներկայացում խաղալով, դժվար է պատշաճ մակարդակի վրա պահել թատրոնը»:

Առաջնախաղից հետո «Սպարտակը» կընդգրկվի օպերայի հիմնական խաղացանկում: Վերջին անգամ «Սպարտակն» Երեւանում բեմադրվել էր 1977թ. Վիլեն Գալստյանի կողմից, իսկ առաջին բեմականացումն իրականացրել էր Չանգան 1961 թվականին: