20 հունվարի 2024 - 13:10 AMT
ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են երաշխավորել ՀՀ տարածքային ամբողջականությունը

ԱՄՆ կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահները դատապարտել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վտանգավոր հռետորաբանությունը, ով պահանջներ է ներկայացնում հայկական տարածքի նկատմամբ և հրաժարվում է զորքերը դուրս բերել Հայաստանից: Հայտարարությունը տարածել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը, տեղեկացնում է Արմենպրեսը։

ԱՄՆ կոնգրեսականները պահանջել են երաշխավորել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և հակազդել Ալիևի բացահայտ սպառնալիքներին

ԱՄՆ կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահները ընդգծել են՝ ժամանակն է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել Հարավային Կովկասում հայերի դեմ իր ձեռնարկած գործողությունների համար։

«Նախագահ Ալիևի վերջին էսկալացիոն հայտարարությունները, ներառյալ նրա մերժումը զորքերը դուրս բերել Հայաստանի տարածքից, հետևում են այն նույն օրինակին, որը նա օգտագործել է անցած աշնանը Արցախում ավելի քան 100,000 հայերի էթնիկ զտմանը նախապատրաստվելիս։ Նա թշնամական հայտարարություններ է անում, այդ հայտարարություններն օգտագործում է իր զինված ուժերի հետագա մոբիլիզացիան արդարացնելու համար, իսկ հետո ագրեսիվ գործողություններ է ձեռնարկում, քանի որ կարծում է, որ հետևանքներ չեն լինի։ Միջազգային հանրությունը, ցավոք, վերջին մի քանի տարիների ընթացքում իր անգործությամբ ապացուցեց նրա իրավացիությունը։

Ժամանակն է նրա ռեժիմին պատասխանատվության ենթարկել ռազմատենչ հռետորաբանության և Հարավային Կովկասում հայերի դեմ նրա ձեռնարկած գործողությունների համար։ Միացյալ Նահանգները և մեր տարածաշրջանային գործընկերները պետք է օգտագործեն բոլոր դիվանագիտական գործիքները, ներառյալ պատժամիջոցներ, որոնք կօգնեն երաշխավորել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և կհակազդեն Ալիևի բացահայտ սպառնալիքներին։

Մենք կոչ ենք անում Պետքարտուղարությանը և մեր միջազգային գործընկերներին անհապաղ գործողություններ ձեռնարկել ՝ կասեցնելու Ադրբեջանի հետագա ցանկացած ագրեսիա և ապահովելու Հայաստանի անվտանգությունը»,-ասված է հայտարարության մեջ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի։ Ըստ նրա, ադրբեջանական բեռներն ու ուղևորները պետք է ՀՀ տարածքը հատեն առանց որևէ ստուգման։ Բաքուն կտրականապես դեմ է, որ Ադրբեջանի և ՀՀ միջև սահմանազատումն իրականացվի 1975 թվականի քարտեզի հիման վրա։

Ալիևը հայտարարել է, որ Բաքուն մտադիր չէ հայելային սկզբունքով հետ քաշել զորքերը Հայաստանի հետ սահմանից՝ հավելելով, որ ոչ մի քայլ չեն նահանջելու 2021–ի մայիսին և 2022–ի սեպտեմբերին գրաված դիրքերից:Ալիևը նաև առաջ է քաշել «8 գյուղերի վերադարձի» հարցը։