23 հունվարի 2024 - 12:06 AMT
Պետդեպ․ ԱՄՆ շահագրգռված է Ադրբեջանի և ՀՀ միջև բանակցությունների անցկացմամբ

ԱՄՆ շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների անցկացմամբ։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանթ Պատելը։

Նա ասել է, որ նորություն չունի Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ժամանակացույցի մասին, բայց անհամբեր սպասում են, որ շուտով այդ մասին կխոսեն, հայտնում է «Ազատությունը»։

Նա նաև պատասխանել է այն հարցին, թե Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստ է մեկնել Մոսկվա՝ բանակցությունների, նույն հետաքրքրվածությունը կա՞ վաշինգտոնյան հարթակի նկատմամբ։

«ԱՄՆ–ն ջանասիրաբար կաշխատի վերջնագծին հասնելու համար»՝ սերտորեն համագործակցելով թե Հայաստանի, թե Ադրբեջանի և թե մյուսների հետ, ովքեր աշխատում են այս հարցի շուրջ, այդ թվում՝ համակարգող Բոնոյի»,–ասել է նա։

Դեկտեմբերին Բաքու այցից հետո ԱՄՆ պետքարտուղարի օգնականն Ջեյմս Օ՛Բրայենը հայտարարել էր, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ակնկալում է շուտով Վաշինգտոնում հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին՝ խաղաղ բանակցությունների համար: Երևանից արձագանքեցին՝ նշելով, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն կամ քննարկում այս պահին չկա, սակայն հայկական կողմը պատրաստ է բանակցությունների:

Բաքուն ԱՄՆ-ին նախ մեղադրել է «կողմնակալ միջնորդ» լինելու մեջ, ապա Գրանադայից և Բրյուսելից հետո բոյկոտել ԱԳ նախարարների վաշինգտոնյան բանակցությունները: