23 հունվարի 2024 - 14:00 AMT
«Միասնական և հոգատար»․ Ucom-ը մասնակցել է «Գալաքսի» խմբի և Հայկական կարմիր խաչի բարեգործական նախաձեռնությանը

Ucom ընկերությունը շարունակում է իր հոգատարության և բարության նախագծերը աջակցելով այն մարդկանց ու խմբերին, որոնք ամենից շատ դրա կարիքն ունեն: Այս անգամ ջանքերը միավորվել են «Գալաքսի» ընկերությունների խմբի և Հայկական կարմիր խաչի միջև հաստատված համագործակցության ներքո, որի շրջանակում «Գալաքսիի» կազմում հանդես եկող ընկերությունների աշխատակիցները, հիմնադիրների զգալի ֆինանսական աջակցությամբ արցախցի 5000 ընտանիքի 100 տոննա աջակցություն են ցուցաբերել առաջնային պարենային փաթեթների տեսքով:

«Այս կարևոր նախաձեռնության բոլոր փուլերին մենք մասնակցել ենք պատասխանատվության բարձր գիտակցումով ու մեր հայրենիքի նկատմամբ ունեցած նվիրումով: Սա միայն բարեգործություն չէ, սա մթության մեջ լույս վառել է: Մեր հայրենակիցները պետք է իմանան, որ նրանք մենակ չեն և Հայաստանում նրանց գրկաբաց են ընդունում: Համատեղ ուժերով փորձել ենք նվազեցնել արցախցի հայրենակիցների սոցիալ-հոգեբանական բեռը»,-նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Միասնական և հոգատար» կարգախոսով ընկերության բազմաթիվ աշխատակիցներ սահմանված ժամային գրաֆիկով մասնակցել են 20 կգ տարողությամբ արկղերի պատրաստմանը և Հայաստանի տարբեր մարզերում՝ Լոռիում, Կոտայքում, Վայոց ձորում, Շիրակում, Գեղարքունիքում, Տավուշում այդ փաթեթներն արցախցիներին հանձնելու գործընթացներին:

«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր ու կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանը լիահույս է, որ միասնական ու հոգատար նախաձեռնության արդյունքում Արցախցի հայրենակիցները կկարողանան բավարարել որոշ կենսական պահանջմունքներ:

«Այս նախաձեռնության շարունակականությունը ապահովվելու է նաև հետագայում և ուրախ ենք, որ Հայկակական կարմիր խաչի օգնությամբ կարողացանք հասցեական օգնություն ցուցաբերել իրապես կարիքի մեջ գտնվող մեր հայրենակիցներին: Կորպորատիվ սոցիալական պատասպանատվությունը Հայաստանում պետք է փոխանցվի նաև մեր մյուս գործընկերներին, որպեսզի միասնական աշխատանքի արդյունքում հասնենք հաջողության»,-նշել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր ու կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանը:

Հայկական կարմիր խաչի ընկերության գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը ողջունում և կարևորել է հետևողականորեն կյանքի կոչված այս նախաձեռնությունը։

«Յուրաքանչյուրը պետք է պատասխանատվություն ու պատրաստակամություն զգա աջակցելու տեղահանված մեր հայրենակիցներին, որպեսզի նրանք ինտեգրվեն և արժանապատիվ կենսակերպ ունենան»,-նշել է Աննա Եղիազարյանը: