24 հունվարի 2024 - 11:54 AMT
Սահակյան․ Արցախի պաշտոնյաների լուսանկարները հատվածական են և չեն կարող հերքել Բաքվի խոշտանգումները

Բաքվում պահվող Արցախի պաշտոնյաների լուսանկարները հատվածական են և չեն կարող հերքել Բաքվի խոշտանգումներն ու վատ վերաբերմունքը։ Այդ մասին ասել է Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով ադրբեջանական սոցցանցերում վերջերս տարածվող Արցախի ռազմաքաղաքական պաշտոնյաների լուսանկարների՝ բեմադրված լինելուն, տեղեկացնում է NEWS.am-ը։

Սահակյանն ընդգծել է, որ լուսանկարները չեն արտացոլում Բաքվի բանտերի իրական պայմանները։

«Այս լուսանկարները ցուցադրական են, արհեստականորեն ստեղծվում են պայմաններ լուսանկարահանումներն անելու համար։ Դրանք չեն արտացոլում իրական պայմանները, բացառապես ունեն քարոզչական նպատակ։ Լուսանկարները շատ տեղային և հատվածական են, չեն կարող հերքել խոշտանգումը կամ վատ վերաբերմունքը, օրինակ՝ չենք տեսնում լուսանկարներ և կայուն հիմունքներով դրանց հրապարակում գերեվարման վաղ ժամանակաշրջանում, այստեղ կարող ենք մի քանի ամսվա մեջ ունենալ մի քանի լուսանկար, և չկա բացատրություն՝ ո՞ր օրն է վերցվել և ինչի՞ համար»,- նշել է Սահակյանը։

Նա, հղում անելով, հայրենադարձված գերիների վկայություններին, նշել է․ «Հայրենադարձված գերիները վկայություններ են տվել, որ իրենց դուրս են բերել իրենց հիմնական պահման վայրերից, տարել են լավ կահավորված սենյակներ, անգամ ՄԻՊ-ի ներգրավմամբ լուսանկարներ են արել, իմիտացրել են զրույց, որից հետո իրենց վերադարձրել են հիմնական վայրեր, որտեղ պահման պայմաններն ու վերաբերմունքը ամենևին չեն համապատասխանում միջազգային չափորոշիչներին»։

Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ այս ճանապարհով Ադրբեջանը կեղծում է ապացույցներ, որոնք արդեն երևում են միջազգային դատական գործընթացներում։

«Մյուս կողմից հանրային հետաքրքրություն է առաջացնում սեփական ժողովրդի շրջանակում, ինչը շեղող նշանակություն ունի, օգտագործվում է ներքաղաքական խնդիրներ լուծելու համար, ինչը հատկապես կարևոր է նախընտրական փուլում։ Մյուս կողմից Ադրբեջանը փորձում է արհեստական քննարկումներ ապահովել նաև հայաստանյան հասարակության շրջանակում։ Կարծում եմ՝ երեք նպատակներն էլ քաղաքական են, և զուտ տեղավորվում են քարոզչական գործունեության շրջանակում»,–ասել է նա։

Սահակյանը նշել է, որ Բաքվում պահվող հայ և՛ ռազմագերիների, և՛ քաղաքացիական անձանց պաշտոնական թիվը 23-ն է։

«Այստեղ ներառված են տարբեր կարգավիճակներ և պաշտպանություն ունեցող անձինք, կան և՛քաղաքացիական գերիներ, և՛ ռազմագերների, և՛ քաղաքացիական բանտարկյալներ, ունենք անձինք, որոնք գերեվարվել են դեռևս 2020 թվականին, և ճնշող մեծամասնությունը կապված է 2023 թվականի հարձակման և հետագա զարգացումներին և այստեղ ունենք պատերազմի հետևանքով գերեվարվածներ և ունենք Ադրբեջանի կողմից ցուցակագրված բարձրաստիճան անձինք, ովքեր քաղաքական դրդապատճառներով են հետաքրքրում Ադրբեջանին և քաղբանդարկյալ են, հալածվում են իրենց գործունեության, համոզմունքների և այլ օրենքով պաշտպանվող հատկանիշների համար»։

Նա նշել է, որ կան միջպետական գործընթացներ, որոնցում ներառված են 2023 թվականի դեպքերը, թե բարձրաստիճան ղեկավարների, թե գերեվարվածների խնդիրը հանձնառել է ՀՀ–ն, խոսքը վերաբերում է «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» չորրորդ գանգատին:

«Զուգահեռաբար կան անհատական գործեր, որոշ անձանց իրավունքների պաշտպանությունը ես և իմ գործընկերներն ենք իրականացնում։ Դրանք գտնվում են քննության փուլում, դեռևս վաղաժամ է դատական ակտերի կայացման մասին խոսելը, բայց անհապաղ միջոցների շրջանակում ժամանակավոր որոշումներ կայացվել են, որպեսզի հնարավոր լինի ապահովել նրանք անվտանգությունն Ադրբեջանում»,–հավելել է նա։

Սահակյանն ընդգծել է, որ գերեվարվածների խնդիրը քաղաքականացված է։ Նա նշել է, որ իրավական միջոցները հակակշռող նշանակություն ունեն, դրանք դանդաղ են և անմիջական էֆեկտ չեն կարող ունենալ, սակայն հակակշռում են, որովհետև Ադրբեջանի համար պարզ է, որ եթե քաղաքական ճանապարհով հարցը չլուծվի և ազատ չարձակվեն, միևնույն է, հարցն ունենալու է իրավական հանգուցալուծումը, դրա համար մանեևրելու սահմանները Ադրբեջանի սահմանափակ են և՛ բովանդակային, և՛ ժամանակագրական առումով»։

Անդրադառնալով Բաքվում պահվող հայերի՝ չհաստատված թվին՝ Սահակյանն ասել է, որ նրանց թիվը 80-ն է․ նրանց՝ այնտեղ գտնվելու մասին կան փաստեր, բայց դեռևս անհայտ է՝ նրանք ո՞ղջ են, թե՞ ոչ։

«Այդ է պատճառը, որ օգտագործվում է «բռնի անհետացած» եզրույթը, ինչը նշանակում է, որ նրանց ճակատագրի վերաբերյալ այս պահին կա անորոշություն, նրանք բռնի կերպով դուրս են բերվել իրավական պաշտպանությունից եւ պետք է քննություն տեղի ունենա, որպեսզի կարողանանք պարզել նրանց՝ ողջ, կամ մահացած լինելը։ Այսինքն՝ այդ 80-ը ընդամենը հաստատում է գերեվարված լինելու հանգամանքը, սակայն որեւէ կերպ պատասխան չի տալիս այն հարցին, թե նշված անձինք այս պահին ո՞ղջ են, եթե այո, ապա որտե՞ղ եւ ի՞նչ պայմաններում են պահվում»,–ասել է նա։

Ադրբեջանական սոցցանցերում վերջերս տարածվող Արցախի ռազմաքաղաքական պաշտոնյաների բեմադրված լուսանկարներ՝ գրադարանում, հեռուստացույց դիտելիս, ոմանք նույնիսկ՝ ժպտալիս։