25 հունվարի 2024 - 10:58 AMT
Լավրով․ ԼՂ–ում խաղաղապահների հարցը հայկական կողմին արդեն չի վերաբերում

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ասուլիսում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության հարցը հայկական կողմին արդեն չի վերաբերում։

Նա հավելել է, որ Մոսկվան ու Բաքուն համակարծիք են, որ այս փուլում ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ–ում դրական դեր ունի, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մեր խաղաղապահներն իրոք դեռ այնտեղ են մնում, նույնիսկ այն բանից հետո, երբ բոլորը Ղարաբաղը ճանաչեցին ադրբեջանական տարածք։ Բայց այդ հարցը հայկական կողմին արդեն չի վերաբերում։ Դա ՌԴ և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների հարց է։ Նախագահներն այդ թեման քննարկել են և համաձայնել, որ այս փուլում ռուս խաղաղապահների ներկայությունը դրական դեր ունի տարածաշրջանում կայունության և վստահության ամրապնդման համար և միտված է նպաստելու Ղարաբաղի այն բնակիչների վերադարձին, որոնք կցանկանան դա անել»,–ասել է Լավրովը։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

Photo. AFP