27 հունվարի 2024 - 10:23 AMT
ԱԳՆ. Բաքուն Երևանի կողմից քարտեզների հանձնումը դարձնում է էսկալացիայի և բացասական հռետորաբանության առիթ

ՀՀ ԱԳՆ–ն, անդրադառնալով ականապատ տարածքների քարտեզների հանձնմանն Ադրբեջանին, հայտարարել է, որ այդ մարդասիրական քայլը Բաքվում արժանացել է բացասական ու հեգնական արձագանքի։ Այդ մասին ասվում է ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգում։

Նշվում է, որ Բաքուն Երևանի կողմից քարտեզների հանձնումը դարձնում է «էսկալացիայի և բացասական հռետորաբանության առիթ»:

«Ինչպես բազմիցս ասվել է, Հայաստանը, այդ թվում որպես վստահության ամրապնդման միջոց, Ադրբեջանին է փոխանցել իր տրամադրության տակ եղած ականապատ դաշտերի բոլոր քարտեզները, որոնք ստացել էր Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաներից։

Ղեկավարվելով մարդասիրական մղումներով, Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներից ճշտումներ անելով՝ Հայաստանը նոր քարտեզներ պատրաստեց՝ դրանք Ադրբեջանին փոխանցելու նպատակով։

Ցավոք, այս նախաձեռնությունն ադրբեջանական կողմն շատ բացասական և հեգնական ձևով ընդունեց, ինչը զրոյացնում է վստահության ամրապնդմանն ուղղված Հայաստանի ջանքերը։ Բաքուն շարունակում է շահարկել թեման ու Երևանի այս դրական քայլը դարձնում էսկալացիայի և բացասական հռետորաբանության առիթ»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

Հունվարի 23–ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, հիշատակելով Հայաստանի կողմից Ադրբեջանին երկու անգամ ականապատ դաշտերի քարտեզների փոխանցման գործընթացը, չէր բացառել ականապատ դաշտերի վերաբերյալ նոր տեղեկատվության փոխանցումն Ադրբեջանին։ Հունվարի 26–ին ԱԱԾ–ն հայտարարել է, թե ականների մասին նոր տեղեկամատյաններ են ի հայտ եկել Լեռնային Ղարաբաղի զինծառայողների շրջանում վերջերս անցկացված հարցումների արդյունքում և որ դրանց կրկնօրինակները կփոխանցվեն միջազգային գործընկերներին։

Ադրբեջանը հայտարարել է, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո միջազգային ճնշման ներքո Հայաստանի ներկայացրած քարտեզների ճշգրտությունն ընդամենը 25 տոկոս է։