Արշակյանը Միջխորհրդարանական միության քարտուղարի հետ քննարկել է Ադրբեջանում գտնվող գերիների փոխանակման գործընթացը

Արշակյանը Միջխորհրդարանական միության քարտուղարի հետ քննարկել է Ադրբեջանում գտնվող գերիների փոխանակման գործընթացը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հակոբ Արշակյանը Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձություններին, 2023 թվականի սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի լայնածավալ հարձակման հետևանքներին: Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին՝ ԱԺ փոխխոսնակը մանրամասնել է հայկական կողմի համար ընդունելի առանցքային սկզբունքները:

Քննարկվել են Ադրբեջանում գտնվող գերիների և պահվող այլ անձանց փոխանակման գործընթացին, ԼՂ-ում գտնվող հայկական պատմամշակութային արժեքների պահպանությանը վերաբերող հարցեր: Հակոբ Արշակյանը կարևորել է բոլոր գերիներին ու պահվող անձանց ազատ արձակելու անհրաժեշտությունը:

Մարտին Չունգոնգն Ադրբեջանի հետ հարաբերությունների հարցում բարձր է գնահատել արդյունավետ երկխոսություն ծավալելու Հայաստանի պատրաստակամությունը: Նա նշել է, որ Բաքու այցի ժամանակ իրենք ջանքեր կգործադրեն խաղաղության գործընթացին նպաստելու համար: Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության խնդրին, գերիների փոխանակման գործընթացին:

Քննարկվել են Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 10-րդ համաժողովի անցկացմանն առնչվող հարցեր: Հակոբ Արշակյանն առաջարկել է միջոցառումն անցկացնել սեպտեմբեր ամսին` Երևանում:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---