5 մայիսի 2009 - 23:36 AMT
Բակո Սահակյանն ու Սմբատ Լպուտյանը քննարկել են ԼՂՀ-ում շախմատի զարգացման հեռանկարները
Մայիսի 5-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանին: Այդ մասին PanARMENIAN. Net-ին հաղորդեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը քննարկվել են Արցախում շախմատի զարգացման ներկա վիճակն ու հեռանկարները:

Սմբատ Լպուտյանի կարծիքով, Լեռնային Ղարաբաղն ունի լավ հնարավորություններ այս ոլորտում բարձր արդյունքների հասնելու համար` որակյալ մարզիչների պատրաստման եւ պատանի շախմատիստների քրտնաջան աշտատանքի դեպքում:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ այս օրերին Շուշիում մեկնարկած ՀՀ դպրոցականների շախմատի օլիմպիադայի ավարտական փուլին:

ԼՂՀ Նախագահը ողջունել է Շուշիում նման մրցաշարի կազմակերպման նախաձեռնությունը, նշելով, որ այն մեծ խթան կհանդիսանա Արցախի դպրոցականների շրջանում շախմատային սպորտի նկատմամբ հետաքրքրության բարձրացման գործում:

Հանդիպմանը մասնակցում էին Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանը եւ ԼՂՀ կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը: