1 փետրվարի 2024 - 12:01 AMT
ՌԴ ԱԳՆ․ ՀՀ անվտանգության ապահովումն առանց ՀԱՊԿ–ի անհնար է, օրակարգում կառույցից դուրս գալու հարց չկա

ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Հայաստանի անվտանգությունը, այդ թվում ռազմատեխնիկական ոլորտում, հնարավոր չէ առանց ՀԱՊԿ–ի հետ գործակցության։

«Ես չեմ կարող բացահայտել ամբողջ տեղեկատվությունը, որն ակնհայտորեն վկայում է այն մասին, որ Հայաստանի անվտանգությունը, այդ թվում և ռազմատեխնիկական, հնարավոր չէ առանց ՀԱՊԿ շրջանակում գործակցության»,– ասել է Վասիլևը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նա հավելել է, որ Ռուսաստանը տեսնում է արևմտյան երկրների փորձերը՝ օգտվելու Հայաստանում ստեղծված իրավիճակից, ոչ միայն այնտեղ, այլև ամբողջ Կովկասում իրավիճակը թեժացնելու համար։

«ՀԱՊԿ շրջանակում օգտագործում ենք բոլոր մակարդակի քննարկումները մեր հայ գործընկերների ուշադրությունը հրավիրելու համար արևմտյան երկրների այդ գիտակցված քաղաքականության վրա»,–ասել է նա։

Վասիլևը նաև ասել է, որ ՀԱՊԿ–ից ՀՀ–ի դուրս գալու հարց այսօր դրված չէ, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա նշել է, որ ՀԱՊԿ–ի ուշադրությունն այսօր կենտրոնացած է 2023–ի նոյեմբերին կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրագործման վրա և որ այդ աշխատանքներին մասնակցում են դաշինքի բոլոր երկրները, այդ թվում Հայաստանը։

«Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ՀՀ բարձրագույն ղեկավարությունը չի մասնակցում ՀԱՊԿ հանդիպումներին, ապա դա նրանց ընտրությունն է։ Ըստ իս, այս իրավիճակը մեծապես արևմտամետների ճնշման, ինչպես նաև ՀՀ բնակիչների և ղեկավարության հասկանալի զգացմունքների հետևանք է։ Կարծում եմ, որ որքան էլ ծանր է, բայց բանականության ձայնը պետք է գերակշռի։ Հուսով ենք, որ որոշակի ընկալում ձևավորվում է։

Երևանն այժմ քննարկում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հիշյալ նստաշրջանի ընթացքում ընդունված փաստաթղթերը, որին հայկական կողմը չի մասնակցել։ Այդ փաստաթղթերից մի քանիսի վերաբերյալ կա հայկական կողմի համաձայնությունը, ինչից կարելի է եզրակացնել, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարց չկա», - ասել է Վասիլևը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել ՀԱՊԿ նիստին։ Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել էր, որ չի կարողանա մասնակցել նիստին և հույս էր հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերները ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը:

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցել ՀԱՊԿ Պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, իսկ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցել ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին: