1 փետրվարի 2024 - 17:38 AMT
Փաշինյանն ընդգծել է ՀՀ-Չեխիա հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովայի գլխավորած պատվիրակության հետ հունվարի 31–ին տեղի ունեցած հանդիպմանն ընդգծել է ՀՀ-Չեխիա հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը։

Այս առումով Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունները նոր ազդակ են հաղորդում փոխգործակցությանն ու նպաստում հարաբերությունների ընդլայնմանը: Վարչապետն ընդգծել է նաև խորհրդարանական սերտ համագործակցության կարևորությունը, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների շրջանակում:

Մարկետա Պեկարովան ընդգծել է, որ իր երկիրը ևս մեծապես կարևորում է Հայաստանի հետ բազմոլորտ փոխգործակցությունը և նշել, որ դրա զարգացմանը նպաստել է նաև վարչապետ Փաշինյանի՝ 2023 թվականին Չեխիա կատարած պաշտոնական այցը:

Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Չեխիա հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր, որոնք միտված են քաղաքական, տնտեսական, հումանիտար կապերի և համատեղ նախագծերի ընդլայնմանը:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում անվտանգության ու կայուն խաղաղության հաստատման հեռանկարի շուրջ, վարչապետն ընդգծել է ՀՀ առանցքային մոտեցումները: