1 փետրվարի 2024 - 17:04 AMT
Synergy ընկերության տնօրենը կալանավորվել է

Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է քննիչների բողոքը և 2 ամիս ժամկետով կալանավորել է Synergy ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանին: Այդ մասին տեղեկությունը հաստատել է Բարձրագույն դատական խորհրդի խոսնակ Լիլիթ Շաբոյանը, հայտնում է «Հայկական ժամանակը»։

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ էկոնոմիկայի նախարարությունում ձերբակալությունների շրջանակում ձերբակալվել են IT ոլորտի ամենահայտնի կազմակերպություններից մեկի՝ Synergy-ի մի խումբ աշխատակիցներ։

Ընկերության հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանն ունի Հայաստանի և ԱՄՆ քաղաքացիություն։ Նա «Վիցե միսս Եվրոպա-2005» գեղեցկության մրցույթում հաղթած հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի սկեսրայրն է։

Քննչական կոմիտեն հայտնել է, որ նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մրցույթի մասնակից N բաժնետիրական ընկերության տնօրենի և աշխատակիցների դրդմամբ և օժանդակությամբ, մրցույթին այդ ընկերության հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ N 526-Ն որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են մրցույթին վերջինիս մասնակցությունն իբր անհնար դարձնող պայմաններ, նրան ապօրինաբար դիտել որպես մրցույթի պայմաններին չհամապատասխանող ու փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից մոտ երեք անգամ ավել՝ ավելի քան 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը: