1 փետրվարի 2024 - 17:55 AMT
Ալեն Սիմոնյանի եղբոր կինը կալանավորվել է

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը կալանավորվել է 2 ամսով։ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Անի Գևորգյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը։ Այդ մասին հայտնել են Հակակոռուպցիոն դատարանից, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Փաստաբան Մուշեղ Ալեքսանյանը լրագրողներին հայտնել է, որ Գևորգյանը մեղադրվում է պաշտոնական դիրքին չարաշահելուն օժանդակելու մեջ։

Գործով ավելի վաղ կալանավորվել է «Սիներջի» ընկերության ղեկավար Աշոտ Հովհաննիսյանը։ Նա ևս 2 ամսով է կալանավորվել։

Քննչական կոմիտեն հայտնել է, որ նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մրցույթի մասնակից N բաժնետիրական ընկերության տնօրենի և աշխատակիցների դրդմամբ և օժանդակությամբ, մրցույթին այդ ընկերության հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ N 526-Ն որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են մրցույթին վերջինիս մասնակցությունն իբր անհնար դարձնող պայմաններ, նրան ապօրինաբար դիտել որպես մրցույթի պայմաններին չհամապատասխանող ու փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից մոտ երեք անգամ ավել՝ ավելի քան 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը: