1 փետրվարի 2024 - 18:37 AMT
Զաքարյան․ Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, Սարգսյանի կառավարման օրոք ոչ Ադրբեջանը, ոչ էլ այլ երկիր չէր կարող նախապայմանով խոսել ՀՀ հետ

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե խաղաղություն կլինի, եթե ՀՀ–ն փոխի Սահմանադրությունը, նշել է, որ նախկին նախագահների կառավարման տարիներին ոչ Ադրբեջանը, ոչ էլ այլ երկիր չէր կարող նախապայմաններով խոսել ՀՀ հետ։

Նա նշել է, որ հենց միայն Ալիևի այս հայտարարությունը բավարար է, որ Սահմանադրության փոփոխության հետ կապված որևէ հարց այլևս չքննարկվի։

«Ալիևն ասել է. «Հայաստանի Սահմանադրության և այլ փաստաթղթերի փոփոխությունների դեպքում կարելի է հասնել խաղաղության»: Սա Ալիևի կողմից ՀՀ ներքին գործերին ուղիղ խառնվելու, ինչ-որ տեղ նաև շանտաժի ցայտուն դրսևորում է, որն անթույլատրելի է միջազգային պրակտիկայի տեսանկյունից: Սա ցույց է տալիս նաև այն, թե որքան անկարող, խղճուկ և կախյալ վիճակում են գտնվում ՀՀ իշխանությունները:

Հենց միայն Ալիևի այս հայտարարությունը բավարար է, որպեսզի Հայաստանում այլևս չքննարկվի Սահմանադրության փոփոխության հետ կապված որևէ հարց: Ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի սուվերեն որոշումներին խառնվելու այս ինտերվենցիան չի լինի շարունակական և չի ստանա այլ դրսևորումներ:

Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին ոչ Ադրբեջանը, ոչ էլ այլ երկիր չէր կարող նման ամթույլատրելի ոճով ու նախապայմաններով խոսել Հայաստանի Հանրապետության հետ:

Իսկ տարածաշրջանում իրական, արժանապատիվ խաղաղության կարելի է հասնել հետևյալ պարագաներում.

ա) ՀՀ կառավարության կազմն ու իշխանության որակը փոխելով ,

բ) Հայաստանի հասարակությանն ու հայկական Սփյուռքին համախմբելով,

գ) ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ բոլոր տիպի հարաբերությունները վերականգնելով և բազմակողմանիորեն զարգացնելով, տարածաշրջանում բնական դաշնակիցների հետ գործնական հարաբերություններ կառուցելով,

դ) ՀՀ ԶՈւ կարողությունների և մարտունակության զարգացման համար իրական ջանքեր գործադրելով,

ե) ընկալելի, հիմնավորված և հետևողական արտաքին քաղաքականություն վարելով,

զ) առկա ռեսուրսները վատնելու փոխարեն` տնտեսության փաստացի զարգացման համար իրատեսական ու հավակնոտ ծրագրեր իրականացնելով,

է) ազգային քաղաքական ուժերի և համահայկական կառույցների ակտիվ համագործակցությամբ և փոխլրացմամբ»,–ասվում է գրառման մեջ:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե խաղաղության հնարավոր կլինի հասնել, եթե Հայաստանը փոփոխություններ կատարի Սահմանադրության մեջ և «հրաժարվի Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջներից»։

Նոր Սահմանադրություն ունենալու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է հունվարի 19-ին՝ պնդելով, որ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե սահմանադրական փոփոխությունների։ «Մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում», - հայտարարել է նա։

Հայաստանի Սահմանադրության նախաբանում հղում է արվում Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին։ Ընդդիմությունը համոզված է, որ Բաքուն Երևանից պահանջում է Հայաստանի մայր օրենքից հանել հենց այդ դրույթը։