6 մայիսի 2009 - 13:50 AMT
«Արարատ»-ը հերքել է գլխավոր մարզիչի պաշտոնում Արկադի Անդրեասյանի նշանակման մասին լուրերը
ԶԼՄ-ներում տեղեկատվություն է տարածվում, որ Արկադի Անդրեասյանն է «Արարատ» -ի գլխավոր մարզիչը, կամ էլ Ռոմիկ Խաչատրյանն ու Ալեքսանդր Պետրոսյանը համալրել են թիմի կազմը: Ինչպես հաղորդում է ՖԱ «Արարատ»-ի մամլո ծառայությունը, այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
«Իրականում Արկադի Անդրեասյանն ընդամենն օգնում է կոլեկտիվին որպես ակումբի համասեփականատեր: Կապված Ռոմիկ Խաչատրյանի, Ալեքսանդր Պետրոսյանի, Կարեն Ավոյանի, Ռաֆայել Սաֆարյանի «Արարատ» տեղափոխվելու հետ, տեղեկացնենք, որ այս տարի «Արարատ»-ը պետք է մասնակցի Եվրալիգայի հանդիպումներին, ինչի առիթով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Ֆուտբոլ+» թերթում իր պատրաստակամությունն է հայտնել թիմին օգնելու եւ աջակցելու առումով, սակայն մինչեւ հիմա չի լուծվել նրանց հայտավորման խնդիրը»,- նշվում է երեւանյան ակումբի մամլո ծառայության հաղորդագրության մեջ:
Վերջինիս համաձայն, «Արարատ» ակումբը դեռեւս որոնումների մեջ է գլխավոր մարզչի ընտրության հարցում եւ այն լուծում կստանա միայն «Արարատ» ակումբի նախագահ Հրաչ Կապրիելյանի Եր-ան ժամանելուց հետո: Այդ նույն ժամանակ նաեւ կադրային փոփոխություններ կիրականացվեն թե' ակումբում, եւ թե' թիմում:
«Նշենք, որ «Արարատ» ակումբի հովանավորները, ովքեր հայկական ֆուտբոլում ներդրումներ են կատարում ահա շուրջ 11 տարի շարունակ, այսօր մեր ֆուտբոլում առկա անարդարություններից ելնելով, որոշել են այլեւս չհրավիրել արտասահմանցի ֆուտբոլիստներ եւ ապավինել հիմնականում տեղական կադրերին, քանի որ անիմաստ է չեմպիոնության համար պայքարում ներդնել մեծ գումարներ», - հաղորդում է ՖԱ «Արարատ»-ի մամլո ծառայությունը: