Սուքիասյանը` Սահմանադրությունը փոխելու մասին. Բոլորը նոր iPhone-ի են ձգտում

Սուքիասյանը` Սահմանադրությունը փոխելու մասին. Բոլորը նոր iPhone-ի են ձգտում

PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Սահմանադրությունը պետք է փոխվի և նոր ժամանակներին համարժեք դարձվի։

«Հիմա դուք ասում եք, որ ձեր տատիկի 50 տարի առաջվա ինչ–որ մի բանը պետք է նայեքլավն է, թե ավելի լավը կա, բայց հարգում եք տատիկին, ասում եք` ես սա պահում եմ որպես պատմություն։ Պատմություն պահեք, բայց արդեն նոր ժամանակներում մրցունակ լինելու համար։ Բա դուք թրենդներին չե՞ք հետևում։ Որ նոր iPhone է դուրս գալիս, ինչո՞ւ են ձգտում դրան»,- ասել է Սուքիասյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նա վստահեցրել է, որ հարգում է գործող Սահմանադրությունը, բայց այն համարժեք է եղել նախկին իրողությանը, իսկ հիմա պետք է ստեղծել նորը, որ այսօրվա իրողությանը համարժեք լինի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 19-ին հայտարարեց, թե Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի, իսկ փետրվարի 1-ին Հանրային ռադիոյի եթերում ասաց, որ հարկավոր է կարգավորել հռչակագրի հետ մեր հարաբերությունները։ Նրա խոսքով` եթե մեր պետական քաղաքականության հիմքում դրվի ԼՂ ազգային խորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի որոշումը Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին, նշանակում է՝ խաղաղություն երբեք էլ չենք ունենա։

Սահմանադրությունը փոխելու ենթատեքստում նա Թուրքիան ու Ադրբեջանը համեմատեց ցլի, իսկ Հայաստանը կարմիր շորով մարդու հետ։ Ըստ Փաշինյանի որքան էլ տատիկի գործած շորը թանկ լինի, Հայաստանը պետք է ընտրի` շարունակում է այդ շորը կրել ու տրորվել ցլի ոտքերի տակ, թե պետք է հանի–շպրտի այն ու փրկվի։

Նույն օրը` փետրվարի 1-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել միայն Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---