9 փետրվարի 2024 - 18:57 AMT
Հանրային հեռարձակողի խորհուրդը Խումարյանի հարցով դիմել է Էթիկայի դիտորդ մարմնին

Հանրային հեռարձակողի խորհուրդը դիմել է Հայաստանի ԶԼՄ-ների Էթիկայի դիտորդ մարմնին՝ Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանի գործողությունների վերաբերյալ փորձագիտական կարծիք ստանալու ակնկալիքով։

«Հանրային հեռարձակողի խորհուրդը, որի կառավարման ներքո գտնվող հեռարձակող ընկերություններն անդամակցում են Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների ինքնակարգավորման նախաձեռնությանը, դիմել է Հայաստանի ԶԼՄ-ների Էթիկայի Դիտորդ մարմնին՝ Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանի գործողությունների վերաբերյալ փորձագիտական կարծիք ստանալու ակնկալիքով։

«Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքով Խորհուրդն իրավասու է ինքնուրույն գնահատելու Գարեգին Խումարյանի գործողությունների համապատասխանելիությունը էթիկական և իրավական նորմերին, սակայն հաշվի առնելով միջադեպի հետ կապված հանրային լայն արձագանքը, Խորհուրդը հայցում է համապատասխան մանդատ և փորձառություն ունեցող մարմնի կարծիքը»-ասվում է Հանրային հեռարձակողի խորհրդի հայտարարության մեջ։

Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցին և նշել, որ հունվարի 31-ին տեղի ունեցածը «լավ ժուռնալիստիկա չէր»։

Անդրադառնալով բուն հարցազրույցին՝ նա նշել է, որ առաջարկվել է դադարել լինել այն, ինչ ենք՝ «մեզ ասվել է՝ թուրքերն ուժեղ են, հայերը՝ թույլ, թուրքերը կոտորում են հայերին, այս սիլլոգիզմը պիտի որ ավարտվեր «եկեք ուժեղանանք» դեդուկտիվ եզրահանգմամբ, բայց փոխարենը հնչել է «եկեք դադարենք հայ լինելը»:

Ընթերցեք նաև․Հանրային ռադիոյի տնօրենը՝ Փաշինյանի հարցազրույցի մասին․ Մեզ առաջարկվել է դադարել լինել այն, ինչ ենք