ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները մանրամասն քննարկել են Հրվ. Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր

ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները մանրամասն քննարկել են Հրվ. Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր

PanARMENIAN.Net - Փետրվարի 9-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ: Միրզոյանը շնորհավորել է ֆրանսիացի գործընկերոջը Ֆրանսիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Մանրամասն քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր։

ՀՀ ԱԳ նախարարը ֆրանսիացի գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման հարցում ՀՀ տեսլականը: Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային սկզբունքները, մասնավորապես տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության, ինքնիշխանության անվերապահ հարգման կարևորությունը, ինչպես նաև սահմանազատման հետագա գործընթացն Ալմաթիի հռչակագրի ու ԽՍՀՄ ամենաթարմ ու լեգիտիմ քարտեզների հիման վրա իրականացնելու համար առավել որոշակիություն ապահովելու անհրաժեշտությունը։

Անդրադառնալով երկկողմ օրակարգին վերաբերող հարցերին՝ գոհունակությամբ նշվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և ընդգծվել բազմաոլորտ համագործակցության հետագա ամրապնդման պատրաստակամությունը։ Հայաստանի և Ֆրանսիայի նախարարներն անդրադարձել են առաջիկայում նախանշվող բարձրաստիճան միջոցառումներին։

Արարատ Միրզոյանը և Ստեֆան Սեժուրնեն մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի շուրջ։ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է Եվրոպական միության հետ ինտենսիվ խորացող երկխոսությունը, որը զարգանում է նաև նոր ուղղություններով՝ միտված ՀՀ քաղաքացիների համար շոշափելի արդյունքների ապահովմանը։

ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել Ֆրանսիայի առանձնահատուկ ուշադրությունն ու ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում անվտանգային մարտահրավերների հաղթահարմանը, ինչպես նաև արդար ու կայուն խաղաղության հաստատմանը:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ծրագրերին առնչվող հարցերի շուրջ։

 Ուշագրավ
---