Փորձագետ․ Երևանն ու Բաքուն մշտապես կասկածի տակ են դնում միմյանց հանձնառությունը խաղաղ գործընթացին10 փետրվարի 2024 - 13:23 AMT PanARMENIAN.Net - «Վուդրո Վիլսոնի անվան հիմնադրամի Քենան հաստատությունը» Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հեռանկարները թեմայով հեռավար քննարկում է կազմակերպել վերլուծաբաններ Լորենս Բրոյերսի, Մարինա Նագայայի ու Աննա Ֆիլիփսի մասնակցությամբ։ International Alert հաստատության Կովկասյան ծրագրի տնօրեն Մարինա Նագային առանձնացրել է մի շարք գործոններ, որոնք ազդում են խաղաղ գործընթացի վրա: Դրանց թվում են, ըստ վերլուծաբանի, միջազգային վստահելի ու անկողմնակալ միջնորդության բացակայությունը, Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուժերի անհամաչափությունը և խորը անվստահությունը միմյանց նկատմամբ: «Կողմերը մշտապես կասկածի տակ են դնում և վիճարկում միմյանց հանձնառությունը խաղաղ գործընթացին: Ուստի դժվար է միանշանակ պատասխանել այն հարցին, թե ինչպիսի միջնորդություն, ինչպիսի բանակցություններ են անհրաժեշտ այժմ»,- պնդել է նա, գրում է «Ամերիկայի ձայնը»։ Ըստ Մարինա Նագայիի, այս փուլում երկկողմանի բանակցային գործընթացը կարող է արդյունավետ լինել: Chatham House հաստատության վերլուծաբան Լորենս Բրոյերսը լավատես չէ խաղաղ բանակցային գործընթացի հեռանկարի հարցում: «Առանցքային խնդիրն այն է, ինչին ականատես եղանք 2020-ից ի վեր և 1994 թվականից հետո Հայաստանի դեպքում. ռազմատենչությունն ու հաղթանակը դարձել են Ադրբեջանում ռեժիմի լեգիտիմության առանցքային հենասյունը: Հաղթանակած նախագահի շուրջ գերիշխող կերպար և հռետորաբանություն է ձևավորվում: Կարծում եմ, որ դա ստեղծում է խնդիրների հսկայական շարք՝ Հայաստանի հետ այլ տեսակի հարաբերություններ ձևավորելու համար»,- ասել է Բրոյերսը: Վերլուծաբանը չի բացառում, որ ուղիղ երկկողմանի բանակցությունները կարող են առաջընթաց գրանցել ապագայում ու արձանագրել որոշակի առաջընթաց: «Դրա համար, սակայն, անհրաժեշտ են երաշխիքներ Հայաստանի և Ադրբեջանի միջև ուժային հսկայական անհամաչափության պատճառով, և այստեղ աշխարհաքաղաքական շահերը կրկին մղվում են առաջին պլան»,- ընդգծոմ է նա: Վերլուծաբան Աննա Ֆիլիփսը իր խոսքում կարևորել է կողմերի միջև վստահության բացակայությունն ու պատմական անհանդուրժողականության ձևավորումը երկու կողմում դեռևս խորհրդային կայսրության փլուզման տարիներին: Ըստ վերլուծաբանի՝ կողմերի ակադեմիական և քաղաքական վերնախավերն այդ ժամանակ շրջադարձ կատարեցին դեպի ազգայնականություն, որը ուղեկցվում էր միմյանց հանդեպ թշնամական խոսույթով և անվստահությամբ: Նրա պնդմամբ՝ հայերի տեղահանումը Լեռնային Ղարաբաղից և 2020 թվականին հաջորդած այլ զարգացումներ հիմնովին փոխել են քաղաքական իրավիճակը տարածաշրջանում, ինչպես դա տեղի էր ունեցել ղարաբաղյան առաջին պատերազմից հետո: «Այս զարգացումների արդյունքում անվտանգության մարտահրավերներն ինքնին փոխվել են, սակայն չեն վերացել»,- ասում է Ֆիլիփսը: Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |