Գալուզին․ ՌԴ-ն պատրաստ է նպաստել Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձին

Գալուզին․ ՌԴ-ն պատրաստ է նպաստել Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձին

PanARMENIAN.Net - ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ այժմ ԼՂ-ն ինտեգրվում է Ադրբեջանի իրավական դաշտ։ Նա նշել է, որ ԼՂ հայերի մեծ մասը լքել է տարածաշրջանը և որ դա նրանց «դժվար, բայց կամավոր ընտրությունն էր»։

Նա հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձին, գրում է ՏԱՍՍ–ը։

«Այս առումով կարևոր է պայմաններ ստեղծել ցանկացողների վերադարձի համար՝ պատշաճ կերպով ապահովելով նրանց իրավունքները և անվտանգությունը։ Մենք պատրաստ ենք ամեն կերպ նպաստել այս գործընթացին, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով, որի ներկայությունը մեծ նշանակություն ունի»,-ասել է նա։

Գալուզինը նաև ասել է, թե 2023–ի սեպտեմբերյան իրադարձությունները «դատարկ տեղը չեն տեղի ունեցել»։

«Հայկական կողմը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ղարաբաղը ներառյալ, դեռևս 2022–ի հոկտեմբերին Պրահայում կայացած ԵՄ գագաթնաժողովի հովանու ներքո։ Ընդ որում տարածաշրջանի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման հարցն այն ժամանակ չի լուծվել»,–ասել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---