Ալեն Սիմոնյանի հարսի և նույն գործով անցնող Լիլի Մկրյանի խափանման միջոց կալանքը փոխվել է

Ալեն Սիմոնյանի հարսի և նույն գործով անցնող Լիլի Մկրյանի խափանման միջոց կալանքը փոխվել է

PanARMENIAN.Net - Դատախազը փետրվարի 12-ին սեփական նախաձեռնությամբ փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող մեղադրյալներ՝ առևտրային կազմակերպության աշխատակիցներ Ա.Գ.-ի և Լ.Մ.-ի (Աժ նախագահի եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի և «Սիներջիի» աշխատակից Լիլի Մկրյանի) նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը:

Էկոնոմիկայի նախարարությունում չարաշահումների գործով անցնող «Սիներջիի» նախկին և ներկա աշխատակիցներ՝ Աժ նախագահի եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի կալանավորումը քննադատության առարկա էր դարձել հանրության շրջանում, քանի որ նրանք մանկահասակ երեխաներ ունեն։

Հաշվի առնելով, որ վերոնշյալ մեղադրյալները ցուցմունքներ են տվել քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, նրանց մասնակցությամբ կատարվել են առերեսումներ, որպիսի պայմաններում վարույթի տվյալ փուլում էականորեն նվազել է մեղադրյալներ Ա.Գ.-ի և Լ.Մ.-ի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու, ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու հավանականությունը՝ դատախազը վարույթն իրականացնող մարմնին հանձնարարել է մեղադրյալներ Ա.Գ.-ի և Լ.Մ.-ի նկատմամբ կիրառել համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն:

Առևտրային կազմակերպության ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը չի փոխվել:

Դատախազը 2024 թվականի հունվարի 31-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձանց նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), իսկ առևտրային կազմակերպության ղեկավարի և աշխատակիցների նկատմամբ՝ նույն արարքին հանցակցելու (Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ):

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Անհայտ անձինք զանգահարում են ծնողներին, ներկայանում որպես դպրոցի աշխատակից և ուղղորդում չեղարկել ներկայացված հայտերը
Նա պնդել է, որ համակարգի ներդրման փուլերին համընթաց՝ համակարգը պատրաստ է լինելու
Նա նշել է, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված չեն և Երևանի քաղաքապետարանին հանձնված չեն
Խումարյանն ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ կասկած էր հայտնել, որ Արմեն Քոլոյանի ընտրությունը կանխորոշված է
---