Միրզոյանն ու Լուազոն քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցեր

Միրզոյանն ու Լուազոն քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցեր

PanARMENIAN.Net - Փետրվարի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Եվրոպական խորհրդարանի անվտանգային ու պաշտպանական հարցերով կոմիտեի նախագահ Նատալի Լուազոն քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցեր, որոնց առաջմղման հարցում իր յուրովի դերն ունի ԵՄ օրենսդիր մարմինը։

Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել գործընկերության խորացման հեռանկարներին և այդ ուղղությամբ երկուստեք գործադրվող ջանքերին։

Հանգամանալից քննարկվել են Հարավային Կովկասում տարածաշրջանային հարցեր: Արարատ Միրզոյանը Եվրոպական խորհրդարանի գործընկերոջն է ներկայացրել առկա մարտահրավերների հաղթահարման հարցում հայկական կողմի տեսլականը, այդ թվում՝ միջազգային գործընկերների աջակցությամբ։ Ընդգծվել է ՀՀ նկատմամբ տարածքային նկրտումների զսպման, տարածքային ամբողջականության ու սահմանների անքակտելիության անվերապահ հարգման կարևորությունը։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար դժվարին պայմաններում Եվրոպական խորհրդարանի կողմից ցուցաբերած սկզբունքային մոտեցմանն ու հստակ գնահատականներով և ուղերձներով ընդունված փաստաթղթերին։

Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Նատալի Լուազոյին ՀՀ համար առանցքային կարևորության հարցերի առաջմղման, մարդասիրական արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար և նրան պարգևատրել ՀՀ երախտագիտության մեդալով։

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Բրյուսելում է՝ մասնակցելու ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստին։ ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա նաև Բելգիայի ԱԳ նախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

 Ուշագրավ
«Մենք հիմա մտնում ենք այս գործընթացի իրականացման փուլ»,–ասել է նա
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
---