16 փետրվարի 2024 - 13:16 AMT
Պատրուշև․ Արևմուտքն ուզում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ Արևմուտքը փորձում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում և խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը։ Նա այդ մասին ասել է Բիշքեկում ընթացող Աֆղանստանի հարցերով անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը, գրում է ՏԱՍՍՍ–ը։

«Տեսնում ենք նաև իրավիճակը Հարավային Կովկասում ապակայունացնելու արևմտականների ձգտումը, ինչպես նաև խանգարելու հայ-ադրբեջանական կարգավորմանը, ինչը հանգեցրել է իրավիճակի սրմանը այս շրջաններում»,- ասել է Պատրուշևը։

Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր։ Պաշտպանության նախարարությունը նաև հերքել է ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը։

Փաշինյանը փետրվարի 15–ին կառավարության նիստում հայտարարել է, որ՝ Ադրբեջանը շարունակում է վարել «ինչ ուզում եմ՝ տվեք բանակցային եղանակով, հակառակ դեպքում, այն կվերցնեմ պատերազմով» քաղաքականությունը։ Նա նաև ասել է, որ Ադրբեջանը կարող է ռազմական գործողություններ սկսել սահմանի որոշ հատվածներում՝ հետագայում ռազմական էսկալացիան Հայաստանի դեմ լայնածվալ պատերազմի վերածելու հեռանկարով։