17 փետրվարի 2024 - 16:07 AMT
Երևանում բացվել է լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի կիսանդրին

Երևանում, Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի անվան 192 դպրոցի բակում, բացվել է լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի բրոնզաձույլ կիսանդրին։

Հանդիսավոր արարողությանը ներկա էին հայ-ռուսական միջկառավարական խորհրդի համանախագահներ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն ու ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովը, ինչպես նաև պատգամավորներ, դիվանագետներ ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հայտնում է Aysor.am-ը։

Կիսանդրու բացումը պայմանավորված էր Վարդանյանի հարյուրամյակով։ Հնչել են Հայաստանի և Ռուսաստանի հիմները։

Բացման արարողությունից հետո դպրոցում անցկացվել է հուշ ցերեկույթ՝ նվիրված հերոսի 100-ամյակին։

Գևորգ և Գոհար Վարդանյանները Խորհրդային Միության հերոսներ, լեգենդար հետախույզներ են։ Գոհար Վարդանյանը 16 տարեկանում ընդգրկվել էր իր ապագա ամուսնու հակաֆաշիստական խմբում։ 1943 թվականին այդ խումբն ապահովում էր Թեհրանի խորհրդաժողովի մասնակիցների անվտանգությունը։ 1951-ին Վարդանյան ամուսինները տեղափոխվել են ԽՍՀՄ, բայց ևս երեք տասնամյակ աշխատել են աշխարհի տարբեր երկրներում և միայն 1986-ին են վերադարձել հայրենիք։

1984 թվականին Գևորգ Վարդանյանին Խորհրդային Միության հերոսի կոչում է շնորհվել: Նրա վաստակը, հետախուզական գործունեությունն առանձնացվել է բազմաթիվ շքանշաններով ու մեդալներով, ինչպես նաև ԽՍՀՄ ՊԱԿ-ի գերազանցության գլխավոր նշանով՝ «Պետանվտանգության պատվավոր աշխատակից»: