19 փետրվարի 2024 - 10:53 AMT
Փաշինյան․ Ալիևի հետ հանդիպման հիմնական արձանագրումն այն էր, որ կողմերը հավատարիմ են մնում պայմանավորվածություններին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, ներկայացնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման արդյունքները, ասել է, որ հանդիպման հիմնական արձանագրումն այն էր, որ կողմերը հավատարիմ են մնում իրենց պայմանավորվածություններին։

Նա հավելել է, որ եթե այդ պայմանավորվածությունները պահվեն, դա կնպաստի լարվածության նվազմանը սահմանին։

«Սեղանին կարևոր մի հարց կար դրված, թե արդյոք կողմերը վերահաստատում են պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Պրահայում կայացած քառակողմ հանդիպման և բրյուսելյան բանակցությունների ընթացքում: Ըստ էության, հիմնական արձանագրումն այն է, որ կողմերը հավատարիմ են մնում այդ պայմանավորվածություններին»,- ասել է վարչապետը։

Նա նշել է, որ հայկական կողմը հաստատակամ է այդ պայմանավորվածություններին հավատարիմ մնալու հարցում:

Փաշինյանը հավելել է, որ խաղաղության պայմանագրի մի շաք հոդվածներ համաձայնեցված են, բայց մի շարք սկզբունքային նշանակության հոդվածներ դեռևս համաձայնեցված չեն։

Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր։ Պաշտպանության նախարարությունը նաև հերքել է ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը։