20 փետրվարի 2024 - 18:27 AMT
Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ՊՆ և ԶՈւ ղեկավար կազմերի հետ

Փետրվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ՊՆ և ԶՈւ ղեկավար, ինչպես նաև բանակային զորամիավորումների հրամանատարական կազմերը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերում ընթացող աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր:

Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը Սուրեն Պապիկյանը շնորհավորել է օրեր առաջ ՀՀ զինված ուժերում տեղի ունեցած կադրային մի շարք փոփոխությունների արդյունքում պաշտոնների նոր նշանակված զինվորականներին, մաղթել քաջառողջություն, ծառայողական նորանոր հաջողություններ, հայրենիքին անմնացորդ ծառայելու կամք ու կորով:

Պաշտպանության նախարարը խորհրդակցության ավարտին համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների ղեկավարներին:

Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր։ Պաշտպանության նախարարությունը նաև հերքել է ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը։