21 փետրվարի 2024 - 16:49 AMT
Մոսկվայում ձերբակալված Զեյնալլին Ադրբեջանի «համառ ջանքերով» ազատ է արձակվել՝ կվերադառնա Բաքու

Մոսկվայում Հայաստանի հարցումով ձերբակալված ադրբեջանցի բլոգեր և մարզիչ Քյամիլ Զեյնալլին, որը մեղադրվում է սպանության մեջ, ազատ է արձակվել և կվերադառնա Բաքու։ Այդ մասին հայտարարել է նրա փաստաբան Ալեքպեր Գարաևը։

Փաստաբանը շեշտել է, որ դա տեղի է ունեցել Ադրբեջանի կառավարության «համառ ջանքերի շնորհիվ», գրում է ադրբեջանական APA-ն։

«Չնայած, որ Հայաստանը Քյամիլ Զեյնալլիի հանդեպ միջազգային հետախուզում է հայտարարել, նրա դեմ մեղադրանքներ են առաջ քաշվել շատ ծանր հոդվածներով, ՌԴ–ն հումանիզմ է դրսևորել։ Ադրբեջանի պետության համառ ջանքերի շնորհիվ Զեյնալլին այսօր Ադրբեջան կվերադառնա։ Շատ ջանք է գործադրվել։ Մասնավորապես, շնորհակալություն են հայտնում ՌԴ–ում Ադրբեջանի դեսպանատանն ու անձամբ դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիին։ Նրանք իրոք մեծ աշխատանք են կատարել»,–ասել է նա։

Զեյնալլին ձերբակալվել էր «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ ոստիկանությունը նրան բաժանմունք էր տեղափոխել։ Ըստ ադրբեջանական լրատվականների, Զեյնալլիին մեղադրանք է առաջադրվել հետևյալ հանցագործությունների համար՝ մարդկության դեմ, պատերազմական հանցագործություններ հովանավորող անձի դեմ, պատերազմական հանցագործություններ՝ պատերազմի արգելված մեթոդներով, վարձկանների հավաքագրում, բռնաբարություն հոդվածներով։

Ավելի ուշ ՀՀ ՆԳՆ–ն հաստատեց, որ Զեյնալլին միջպետական հետախուզման մեջ է սպանության մեղադրանքով: Տեղեկություններ կան այն մասին, որ 44–օրյա պատերազմի ժամանակ Զեյնալովը հայ ծերունու է սպանել Արցախում՝ կտրելով նրա կոկորդը։ 2020թ հուլիսին նա ադրբեջանցիներին կոչ էր անում հարձակվել հայերի վրա Մոսկվայում և այլ վայրերում։