21 փետրվարի 2024 - 17:40 AMT
ԱԽ քարտուղարը՝ զորքերը հայելային հետքաշման մասին․ Փորձելու ենք Ադրբեջանի հետ համաձայնության հասնել այդ հարցում

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ զորքերի հայելային հետքաշումը միշտ Հայաստանի օրակարգում է։

«Փորձելու ենք Ադրբեջանի հետ այդ հարցում հասնել համաձայնության, որովհետև դա մի հարց է, որում անհրաժեշտ է, որ երկու կողմերն էլ համաձայնության հասնեն»,- ասել է նա, գրում է Aysor.am-ը։

ԱԽ քարտուղարը նշել է, որ Հայաստանը միանշանակ համոզված է, որ զորքերի հայելային հետքաշումը միջադեպեր թույլ չտալու լավագույն գործիքներից մեկն է։

«Եթե որոշակի հեռավորության վրա դասավորվեն Զինված ուժերն ու սահմանապահ զորքերը տեղակայվեն ամբողջ սահմանի երկայնքով, բնականաբար, դա կլինի կայունության գործոն»,- ընդգծել է ԱԽ քարտուղարը։

Գրիգորյանը դժվարացել է ասել, թե որն է Ադրբեջանի նպատակը, որ դեմ է զորքերի հայելային հետքաշմանը։

«Կարող են տարբեր տարբերկաներ լինել, բայց մեր օրակագում սա հարց է, որը շարունակում ենք քննարկել»,- ասել է նա։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն մտադիր չէ հայելային սկզբունքով հետ քաշել զորքերը Հայաստանի հետ սահմանից՝ հավելելով, որ ոչ մի քայլ չեն նահանջելու 2021–ի մայիսին և 2022–ի սեպտեմբերին գրաված դիրքերից:Ալիևը նաև առաջ է քաշել «8 գյուղերի վերադարձի» հարցը։

Ալիևը հայտարարել է, որ եթե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի։ Ըստ նրա, ադրբեջանական բեռներն ու ուղևորները պետք է ՀՀ տարածքը հատեն առանց որևէ ստուգման։ Բաքուն կտրականապես դեմ է, որ Ադրբեջանի և ՀՀ միջև սահմանազատումն իրականացվի 1975 թվականի քարտեզի հիման վրա։