21 փետրվարի 2024 - 17:41 AMT
Գրիգորյան․ ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպելու են, օրն ու վայրը դեռ հստակ չեն

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներն ու փոխվարչապետները հանդիպելու են։ Նա նշել է, որ օրի, ժամի ու տեղի մասով դեռևս հստակություն չկա։

Գրիգորյանը նշել է, որ խաղաղության պայմանագրի մասով Հայաստանը ստացել է Ադրբեջանի տարբերակը, որը հունվարի 4-ի պատասխանն է, հայտնում է Aysor.am-ը։

«Շարունակում ենք աշխատել, կարծում եմ՝ երբ ԱԳ նախարարները հանդիպեն, քննարկելու են խաղաղության պայմանագիրը»,- նշել է նա։

ԱԽ քարտուղարը նշել է, թե դեռ հստակ չէ՝ Միրզոյան-Բայրամով հանդիպումը կլինի երկկո՞ղմ, թե միջնորդների մասնակցությամբ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկայում տեղի կունենա արտաքին գործերի նախարարների հանդիպում։ Նա հավելել է, որ ԱԳ նախարարների հանդիպումը վերաբերելու է խաղաղության պայմանագրի տեքստի քննարկմանն ու համաձայնեցմանը։ Ըստ Փաշինյանի, դրան կհաջորդի սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը: