21 փետրվարի 2024 - 17:45 AMT
Պատգամավոր․ Արդեն 15 մլն դրամ վճարածներ կան՝ պարտադիր զինծառայություն չեն անցնի

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ արդեն կան քաղաքացիներ, որոնք վճարել են 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար, և առաջիկայում նրանց նկատմամբ հարուցված քրեական գործերը կկարճվեն։

Նա նաև հայտնել է՝ օրենքի այն կետերը, որոնք ենթադրում են, որ քաղաքացին անցնելու է ծառայության որոշակի հատվածը և վճարելու է չծառայած ժամանակահատվածի համար, դեռ լրամշակվում է, հայտնում է «Փաստինֆոն»։

«Պաշտպանության նախարարությունից խոստացել են, որ մինչև ապրիլ այդ կարգը մշակված կլինի և այն քաղաքացիները, որոնք կցանկանան, օրինակ, մեկ ամիս ծառայել և 8 մլն դրամ վճարել՝ դեռ կառավարությունը մշակում է, իսկ 5-րդ մասով, որը ենթադրում է, որ քաղաքացին պետք է միայն վճարի և ազատվի ծառայությունից, արդեն գործում է և քաղաքացիները կարող են օգտվել այդ բաղադրիչից։ Նրանք կարող են վերադառնալ Հայաստան, ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին՝ ՔԿ-ին և ասել, որ ցանկանում են օգտվել օրենքի կետից՝ այն է վճարել 15 մլն դրամ։ Վճարումը հաշվի առնելով՝ իրավապահները կկատարեն իրենց գործառույթները և հաշված օրերի ընթացքում գործը կկարճվի»,–ասել է նա։

Նա նաև հայտնել է, որ նշված քաղաքացիների նկատմամբ ՔԿ-ն կիրառում է ստորագրություն՝ չբացակայելու վերաբերյալ, մինչև գործը կարճվի։