21 փետրվարի 2024 - 18:10 AMT
Գրիգորյանը նշել է՝ որ քարտեզներով պետք է իրականացվի սահմանազատումը ՀՀ և Ադրբեջանի միջև

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ճեպազրույցում ասել է, որ հայկական կողմի համար առաջնահերթություն է քարտեզների միջոցով սահմանազատում և սահմանագծում իրականացնելը։ Նա հավելել է, որ խնդիր ունեն օգտագործել ԽՍՀՄ վերջին տարիների քարտեզները՝ միջպետական սահմանները վերարտադրելու նպատակով։

Նա հիշեցրել է, որ դեռևս 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պայմանավորվել են, որ Ալմաթիի հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, գրում է Արմենպրեսը։

«Այդ հռչակագիրն արձանագրում է, որ Խորհրդային Միության հանրապետությունները ԽՍՀՄ-ի փլուզման պահին իրենց միջև ադմինիստրատիվ սահմանը ճանաչում են որպես միջպետական սահման, ինչը նշանակում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն է ունեցել սահման, որն էլ ճանաչվել է Ալմաթիի հռչակագրով։ Այժմ մենք խնդիր ունենք օգտագործել պաշտոնական մարմինների կողմից հրապարակված Խորհրդային Միության վերջին տարիների քարտեզները՝ միջպետական սահմանները վերարտադրելու նպատակով»,- նշել է Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարի կարծիքով՝ դա ամբողջովին լեգիտիմ մոտեցում է, չի խախտում միջազգային որևէ սկզբունք և ամբողջությամբ տեղավորվում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շրջանակում, որի շուրջ հայկական կողմը ձգտում է հասնել համաձայնության։

«Քննարկումները շարունակվում են և վաղ թե ուշ այդ հարցում գալու ենք համաձայնության, որովհետև Հայաստանի ու Ադրբեջանի միջև այլ քարտեզներ գոյություն չունեն»,- եզրափակեց Գրիգորյանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն մտադիր չէ հայելային սկզբունքով հետ քաշել զորքերը Հայաստանի հետ սահմանից՝ հավելելով, որ ոչ մի քայլ չեն նահանջելու 2021–ի մայիսին և 2022–ի սեպտեմբերին գրաված դիրքերից:Ալիևը նաև առաջ է քաշել «8 գյուղերի վերադարձի» հարցը։

Ալիևը հայտարարել է, որ եթե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի։ Ըստ նրա, ադրբեջանական բեռներն ու ուղևորները պետք է ՀՀ տարածքը հատեն առանց որևէ ստուգման։ Բաքուն կտրականապես դեմ է, որ Ադրբեջանի և ՀՀ միջև սահմանազատումն իրականացվի 1975 թվականի քարտեզի հիման վրա։