22 փետրվարի 2024 - 11:31 AMT
Մակրոնը՝ Փաշինյանին․ Կարող եք ապավինել Ֆրանսիայի աջակցությանը ՀՀ-ին՝ անկախությանը, տարածքային ամբողջականությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում հանդիպումից առաջ ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով: Մակրոնն իր խոսքում ասել է, որ ՀՀ–ն կարող է ապավինել Ֆրանսիայի աջակցությանը Հայաստանին, նրա անկախությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարական ընթացքին և խաղաղության ձգտումներին:

«Շնորհակալություն թանկագին Նիկոլ այս կարևոր օրվա առիթով Փարիզում լինելու համար: Փետրվարի 21-ն այն օրն է, երբ Միսաք Մանուշյանը և դիմադրության շարժման նրա ընկերները սպանվեցին Ֆրանսիայի ազատության համար, և հայրենիքը նրանց լիովին ճանաչեց ու նրանք ամփոփվելու են պանթեոնում: Միսաք Մանուշյանն իր կնոջ՝ Մելինեի հետ կամփոփվի պանթեոնում, որտեղ Ֆրանսիան իր մեծ մարդկանց է ամփոփում: Սա նաև երախտագիտությունն է Ֆրանսիայի այն պայքարի համար, որը տրվել է ազատության համար:

2022 թվականին Պրահայում կայացած հանդիպման ժամանակ Դուք Ալիևի հետ վերահաստատեցիք Ձեր հանձնառությունն Ալմաթիի հռչակագրին, և անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանը փարատի երկիմաստությունը: Կարծում եմ՝ առավել քան անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի տարածքային ամբողջականության առումով Ադրբեջանը փարատի երկիմաստությունը, ինչ վերաբերում է քարտեզներին, ապա բարեխիղճ աշխատանք կատարվի սահմանների սահմանազատման և սահմանագծման համար, ինչը հիմք կծառայի սահմանի երկուստեք ուժերի հետ քաշման համար:

Մենք նաև կոչ ենք անում ի կատար ածել Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը: Համաձայն այս որոշման՝ Ադրբեջանը պետք է ապահովի, որպեսզի այն անձինք, ովքեր լքել են Լեռնային Ղարաբաղը 2023 թվականի սեպտեմբերի 19-ից և ովքեր ցանկանում են վերադառնալ, կարողանան դա անել անվտանգ, անարգել և արագորեն:

Մենք ցանկանում ենք, որպեսզի Հարավային Կովկասը լինի խաղաղության, ինտեգրման և համագործակցության տարածաշրջան ու անհրաժեշտ է, որպեսզի հաղորդակցական ուղիները նույնպես լինեն ինտեգրման գործոններ, և ոչ թե պառակտման: Ես այցելել եմ Կենտրոնական Ասիա և ցանկանում եմ, որպեսզի Կենտրոնական Ասիայի, Հարավայի Կովկասի և Եվրամիության միջև հաղորդակցական կապերը զարգանան: Եվ ողջունում եմ այս ընդհանուր հավակնության մեջ Ձեր «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը:

Մենք այնուհետև կքննարկենք նաև երկկողմ համագործակցության ամրապնդմանն ուղղված հարցերը: Ֆրանսիան կշարունակի աջակցել ենթակառուցվածքների զարգացմանը Հայաստանում մեր ձեռնարկությունների մասնակցությամբ: Կշարունակենք նաև զարգացնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում: Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը պաշտպանական զինտեխնիկայի առաքման համար: Եվ Ֆրանսիան կշարունակի այդ ոլորտում իր պատասխանատվության ոգով՝ չցանկանալով որևիցե էսկալացիա»,–ասել է Մակրոնը։ :

Ֆրանսիան նաև շարունակում է իր մարդասիրական հանձնառությունն՝ ի նպաստ Լեռնային Ղարաբաղի փախստականների՝ 2023 թվականին տրամադրելով 29 մլն եվրոյի օգնություն:

Ֆրանսիան կշարունակի վճռականորեն աջակցել Եվրամիության և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացմանը:

«Այստեղ նույնպես արձանագրում ենք առաջընթաց՝ ի նպաստ ինքնիշխանության և մեր ընդհանուր ռազմավարական շահերի: Եվրամիության դիտորդական առաքելությունն այսուհետ ամրապնդված է: Այն նպատակ ունի նպաստել կայունությանը, միջազգային հանրության անաչառ տեղեկատվությանը և ռազմական շփման գոտիներում խոցելի բնակչության ապահովությանը: Հայաստանը նույնպես պետք է օգտվի խաղաղության եվրոպական գործիքներից: Եվրամիությունը և Հայաստանը ցանկանում են նոր գործընկերության ժամանակացույց»,–ասել է Ֆրանսիայի նախագահը։

Հայաստանի և Ֆրանսիայի առաջնորդները ներկա են գտնվել Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը, Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը, Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների, օրենսդիր մարմինների անդամներ, հասարակական, քաղաքական գործիչներ:

Արարողության ընթացքում ելույթով հանդես է եկել Էմանուել Մակրոնը: Իր խոսքում Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Միսաք Մանուշյանն ազատ էր, երբ քայլում էր փողոցում և անցնում այս պանթեոնի կողքով։ «Նա պատկերացնում էր, թե ինչպիսին կլիներ իր սիրելի Հայաստանը։ Մանուշյանն իրեն անվանում էր «ցասումով լի վագր», երբ ձերբակալեցին, բայց Մելինեն իր հետ էր բոլոր ոդիսականներում և ապրեցնում էր իրեն: Վերջնական, մշտական ընտրությունն ազատությունն էր: Ընտրեց ընդհատակյա կյանքը, որ ֆրանսիացին ոչինչ չկորցնի իր ազատությունից՝ մշտապես լինելով ազատության արբեցած զինվորը»,- նշել է Մակրոնը` ավելացնելով, որ այսօր կա Ֆրանսիա, որը երախտապարտ է նրանց: