22 փետրվարի 2024 - 18:39 AMT
Փաշինյանը Ֆրանսիայի վարչապետին պաշտոնական այցով հրավիրել է ՀՀ․ Հրավերն ընդունել է

Փարիզում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալի հետ: Ֆրանսիայի վարչապետը ողջունել է Փաշինյանի այցը և ընդգծել իր գլխավորած կառավարության պատրաստակամությունը` հետևողականորեն զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ:

Փաշինյանը Ատալին պաշտոնական այցով հրավիրել է ՀՀ. վերջինս հրավերը սիրով ընդունել է:

Զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական կապերի, շինարարության, ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, ջրային ոլորտի կառավարման, զբոսաշրջության բնագավառներում գործակցությանը և համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է Ֆրանսիայի կառավարության աջակցությունը Հայաստանին` շուկաների դիվերսիֆիկացման, ինչպես նաև ստանդարտների ներդրման ուղղությամբ:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում հանդիպումից առաջ ԶԼՄ ներկայացուցիչների համար ասուլիսում ասել է, որ Ֆրանսիան կշարունակի աջակցել ենթակառուցվածքների զարգացմանը Հայաստանում մեր ձեռնարկությունների մասնակցությամբ:

«Կշարունակենք նաև զարգացնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում: Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը պաշտպանական զինտեխնիկայի առաքման համար: Եվ Ֆրանսիան կշարունակի այդ ոլորտում իր պատասխանատվության ոգով՝ չցանկանալով որևիցե էսկալացիա»,–ասել է նա։